Բելառուսում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան պաշտպանության, ռազմական եւ ռազմաօդային հարցերով կցորդ, գնդապետ Յարոսլավ Կեբրովսկին կանչվել է պաշտպանության նախարարություն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը։
«Լեհաստանի ռազմական ներկայացուցչին տեղեկացվել է լեհական կողմի անհիմն եւ անհամաչափ մեղադրանքների մասին՝ բելառուս զինծառայողներին լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամում ներգրավելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։
Բելառուսական կողմը նշել է, որ նման լուրջ պնդումներ ներկայացնելու համար անհրաժեշտ են ծանրակշիռ ապացույցներ, առանց որոնց մեղադրանքները գնահատվում են որպես սադրանք երկրի զինված ուժերի դեմ։
Անվտանգության ապահովման ռազմական բաղադրիչի համար պատասխանատու ՊՆ-ն անհանգստացած է Բելառուսի սահմաններին լեհ զինծառայողների թվի ավելացմամբ, ինչպես նաեւ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ օբյեկտիվ պատճառաբանությունների բացակայությամբ։ «Այս համատեքստում գնդապետին եւս մեկ անգամ տեղեկացվել է, որ տարածաշրջանային վստահության եւ անվտանգության միջոցառումներին համապատասխան, նախատեսվում է ծանուցում եւ հրավեր ուղարկել Բելառուսի ռազմական գործողությունների դիտորդներին, որին մասնակցում են 6000 եւ ավելի զինծառայողներ»,- ասել են նախարարությունում։
Լեհական կողմի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 8-ի երեկոյան լեհ-բելառուսական սահմանին ավելի քան 12 000 զինծառայող է տեղակայվել։ «Մինչ այժմ Մինսկը լեհական կողմից դիտորդների որեւէ ծանուցում կամ հրավեր չի ստացել։ Ավելին, առկա մտահոգությունները քննարկելու պատրաստակամության մտադրություն անգամ չի եղելլ»,- հավելել են մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունը հայտարարել է, որ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը ներկայումս պատրաստ չէ ծագած վիճահարույց հարցերի շուրջ կառուցողական երկխոսության կամ չի ցանկանում երկխոսություն։ Այնուամենայնիվ, Բելառուսի պաշտպանության նախարարությունը դեռ սպասում է լեհական կողմից նախաձեռնողական առաջարկների։





























