Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է հայտարարել նոր կորոնավիրուսային համաճարակի ավարտի մասին, երբ առողջապահական համակարգը ծանրաբեռնված չլինի։ Այս մասին La Vanguardia թերթին տված հարցազրույցում ասել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։

«Մենք պետք է սովորենք ապրել վիրուսի հետ»,-ասել է նա։ «Այն ժամանակ, երբ մեր առողջապահական համակարգը ծանրաբեռնված չլինի հոսպիտալացումների եւ կորոնավիրուսից մահերի պատճառով, այսինքն՝ հնարավոր կլինի մատուցել նախկինում մատուցված ծառայությունները, պանդեմիայի կարող է վերածվել էնդեմիայի»,-նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ «բավական հավաստի գնահատականների» համաձայն՝ մինչեւ հաջորդ տարվա փետրվար եվրոպական տարածաշրջանում կորոնվիրուսից կարող է եւս կես միլիոն մարդ մահանալ, եթե վարակի տարածման միտումը չփոխվի։

«Ինչու՞ կրկին խնդիրների բախվեցինք։ Պատճառն այն է, որ տարածաշրջանի երկրների մեծ մասում պատվաստումը կանգ է առել»,-նշել է նա՝ հավելելով, որ մի քանի ամիս առաջ հիմնական խնդիրը [պատվաստանյութերի] հասանելիությունն էր, հիմա [խնդիրը] պատվաստումների նկատմամբ թերահավատությունն է, կեղծ լուրերը։