Ֆրանսիան պաշտոնապես վերադարձրեց 26 արտեֆակտ, որոնք դուրս էին բերվել ներկայիս Բենինի տարածքից 1892 թվականին, երբ այն գտնվում էր Ֆրանսիական կայսրության տիրապետության տակ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է բենինցի իր գործընկեր Պատրիս Թալոնին Փարիզում՝ արտեֆակտները պաշտոնապես հանձնելու համար:

Ըստ AFP-ի՝ նախագահ Թալոնն ասել է, որ «ուժեղ էմոցիաներ» է ապրել արտեֆակտները վերադարձնելիս՝ դրանք իր երկրի «հոգին» անվանելով:
Մակրոնը հայտարարել է, որ այդ քայլը «խորհրդանշական, հուզիչ եւ պատմական պահ» է:

Արտեֆակտները թագավորական գահ, արձաններ, պալատական ​​դռներ, գավազաններ եւ զոհասեղաններ են ներառում։ Առաջիկա օրերին դրանք կուղարկվեն Բենին։

Օբյեկտների վերադարձը որպես ավելի լայն քայլ է դիտարկվում Ֆրանսիայի կողմից Աֆրիկայի հետ նոր հարաբերությունների կառուցման համար: Անցյալ տարի ֆրանսիացի պատգամավորները ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին աֆրիկյան թալանված արտեֆակտները Սենեգալ եւ Բենին վերադարձնելու օգտին: