Սինգապուրի վայրի բնության այգու չորս առյուծներ վարակվել են կորոնավիրուսով կենդանաբանական այգու վարակված աշխատակիցների հետ շփումից հետո։ Նրանք ունեն բոլոր ախտանշանները, ներառյալ հազը եւ փռշտոցը, տեղեկացնում է AFP-ն։

Հանգստյան օրերին ասիական առյուծները, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի տակ, հիվանդության նշաններ են ցուցաբերել, ինչն աշխատակիցներին ստիպել է կորոնավիրուսի թեստ անցկացնել։

Վարակված գիշատիչները Night Safari այգու  մյուս հինգ կենդանիների հետ միասին մեկուսացվել են իրենց ազատավանդակում։ «Մենք սպասում ենք, որ առյուծները լիովին ապաքինվեն ոչ մեծ սատարող բուժումից հետո»,- ասել է Սոնյա Լուզը Mandai Wildlife Group-ից, որն այգու կառավարիչն է։

Հաստատվել է, որ կենդանաբանական այգու երեք աշխատակից վարակված է եղել։

Աֆրիկյան առյուծը Սինգապուրի կենդանաբանական այգում, որը Night Safari-ի կողքին է, նույնպես հիվանդացել է, եւ պաշտոնական անձինք վիրուսի թեստեր են պատվիրել։

Լուզն ավելացրել է, որ կենդանիներից մարդկանց վիրուսի փոխանցման վտանգը մեծ չէ։