Չնայած Թբիլիսիի քաղաքային դատարանի խնդրանքին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այսօր հրավիրել դատավարության՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու գործով լսումների անցկացման համար, նա ազատ չի արձակվել բանտային հիվանդանոցից, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Նախօրեին դատարանը որոշում էր կայացրել նիստ անցկացնել Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ եւ հարցում էր ուղարկել նրա փաստաբաններին։ Նախկին նախագահը արդեն 41 օր հացադուլի մեջ է բանտում:
Ժամը 13-ին, երբ պետք է սկսվեր նիստը, Թբիլիսիի քաղաքային դատարանի բակում հավաքվել էին ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ, որոնք վանկարկում էին «Միշա», «Ազատություն Միշային»։ Տարածքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ։
Մինչդեռ Հատուկ քրեակատարողական ծառայությունը Սաակավշիլիին դատին բերելու մերժումը բացատրել է նրանով, որ նրա կողմնակիցները կարող են փորձել փակել Գլդանիի բանտ տանող ճանապարհները եւ «քաոս ստեղծել, ինչը կկանխի նախկին նախագահին Թբիլիսիի քաղաքային դատարան տեղափոխելը։ Այս մասին ասվում է ծառայության հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հիշեցրել է Պետական անվտանգության ծառայության կողմից հարուցված «Վրաստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու, պետական իշխանությունը տապալելու կամ զավթելու դավադրության» մասով քրեական գործի մասին։ Այդ նույն ժամանակ, ըստ գերատեսչության, հայտնի է դարձել նախկին նախագահի մերձավորների` 500-600 ավտոմեքենայի օգնությամբ Ռուսթավիի թիվ 12 բանտից նրա տեղափոխումը կանխելու պլանների մասին։
«Նրանք մտադիր էին իրականացնել այդ դեստրուկտիվ գործողությունները, որոնք անկառավարելի իրավիճակ, քաոս կառաջացնեին եւ կխանգարեին Միխեիլ Սահակաշվիլիի տեղափոխման գործընթացին»,- նշում է ծառայությունը։
Չնայած նրան, որ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից Գլդանիի բանտի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ այդ սցենարը չիրականացվեց, Քրեակատարողական ծառայությունում հաստատում են, որ մտավախություն ունեին, որ դատական նիստի օրը իրադարձությունները կզարգանան նման սցենարով։
Ծառայությունը նաեւ կարծում է, որ Սաակաշվիլիին դատարան բերելու գործընթացը լրացուցիչ վտանգ կստեղծի նրա առողջության համար։
Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Օդիշարիան ասել է, որ Քրեակատարողական ծառայությունը Սաակաշվիլիին նույնիսկ չի տեղեկացրել, որ նրան դատարան են կանչել, ըստ նրա՝ «նա այդ մասին իմացել է հեռուստատեսությամբ, երբ փաստաբաններն այդ մասին հայտարարություն են արել»։
Օդիշարիան նշել է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարանում է, նա ցավեր ունի, սակայն, չնայած դրան, նախկին նախագահը, այնուամենայնիվ, պատրաստակամություն է հայտնել անձամբ ներկա գտնվել գործընթացին։




























