Անցած շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է 10 տոկոսով՝ այն դարձնելով աշխարհի միակ տարածաշրջանը, որտեղ ե՛ւ COVID-19-ով վարակման դեպքերը, ե՛ւ մահվան դեպքերը կայուն կերպով աճում են։ Վեցերորդ շաբաթն անընդմեջ վիրուսը տարածվում է ամբողջ մայրցամաքում։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Համավարակի մասին իր շաբաթական զեկույցում ԱՀԿ-ն ասում է, որ աշխարհում գրանցվել է մոտ 3.1 միլիոն նոր դեպք, ինչը մոտ 1 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա համեմատ: Կորոնավիրուսի դեպքերի գրեթե երկու երրորդը՝ 1.9 միլիոնը, գրանցվել է Եվրոպայում, որտեղ դեպքերի թիվն աճել է 7 տոկոսով, հայտնում է AP-ն։

Աշխարհում ամենաշատ նոր դեպքեր գրանցած երկրներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ Գերմանիան։ COVID-19-ից շաբաթական մահացությունների թիվը ամբողջ աշխարհում նվազել է մոտ 4 տոկոսով եւ նվազել բոլոր տարածաշրջաններում, բացի Եվրոպայից։

61 երկրներից, որոնք ԱՀԿ-ն ներառել է իր եվրոպական տարածաշրջանում, որն ընդգրկում է նաեւ Ռուսաստանը եւ տարածվում է մինչեւ Կենտրոնական Ասիա, 42 տոկոսն անցած շաբաթվա ընթացքում հայտնել է դեպքերի առնվազն 10 տոկոսով աճի մասին:

Ամերիկա մայրցամաքում, ըստ ԱՀԿ-ի, շաբաթական նոր դեպքերի թիվը նվազել է 5 տոկոսով, իսկ մահացությունների թիվը՝ 14 տոկոսով, ընդ որում, ամենաբարձր թվերը գրանցվել են Միացյալ Նահանգներում: