Կարեւոր է կառուցողական եւ կայուն հարաբերություններ հարթել Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին՝ միեւնույն ժամանակ Չինաստանին «պատասխանատու պահվածք» ցուցաբերելու կոչ անելով։
Ճապոնիայի իշխող կուսակցությունը ծրագրում է վերանայել իր պաշտպանական դիրքորոշումը Չինաստանի ռազմական հզորացման ֆոնին, հաղորդում է Reuters-ը:
Հայասին արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր առաջին ասուլիսում ընդգծել է Չինաստանի հետ կառուցողական, կայուն հարաբերությունների կարեւորությունը։ «Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ կապերը գնալով ավելի կարեւոր են դառնում ոչ միայն մեր երկու երկրների, այլեւ տարածաշրջանի եւ միջազգային հանրության խաղաղության եւ բարգավաճման համար»,-ասել է նա։
Հայասին նաեւ ասել է, որ կհեռանա Ճապոնիա-Չինաստան խորհրդարանական բարեկամության լիգայի ղեկավարի պաշտոնից՝ «ավելորդ թյուրիմացությունից» խուսափելու համար։ Ըստ լրատվամիջոցների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պահպանողական օրենսդիրները կասկածում էին, որ Հայասին՝ որպես լիգայի ղեկավար, կարող է ամուր դիրքորոշում ունենալ Չինաստանի նկատմամբ:



























