Իրանին զենքի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու հակառակորդի փորձը ձախողվել է, հայտարարել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիրալի Հաջիզադեն՝ հավելելով, որ Իրանի ռազմական հզորությունը սահմանափակելու վերաբերյալ ցանկացած բանակցություն ապարդյուն է, գրում է Mehr-ը։

«Այսօր երկրի անվտանգությունը օրինակելի է, եւ մենք մեր ռազմական հզորության աստիճանի մասին խոսելու կարիք չունենք»,- ասել է Հաջիզադեն։

Հաջիզադեն նաեւ մատնանշել է իրանցի փորձագետների արտադրած անօդաչու սարքերը՝ ասելով, որ Իրանի դեմ զենքի էմբարգո սահմանելու թշնամու փորձը ձախողվել է։ «Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերը մեր թշնամիների աչքի փուշն են դարձել, եւ նրանք ասում են, որ մենք պետք է սահմանափակենք դրանք», - ասաց նա:

Նրա խոսքով՝ «իսրայելական ռեժիմի գոյությունը դատապարտված է վերանալու»։ Նա Իսրայելին նախազգուշացրել է արկածախնդրության չգնալ՝ հայտարարելով, որ եթե այն պատերազմ սկսի Իրանի հետ, այն կավարտվի դրա կործանմամբ։