Բելառուսը պատրաստ է կոշտ արձագանքել եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթներին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «Բելթա»-ն։
«Շատ մարդիկ սկսեցին մեզ վախեցնել հինգերորդ փաթեթով։ Լեհաստանը մեզ վախեցնում է, որ կփակի սահմանը։ Խնդրեմ՝ փակեք, ավելի քիչ փախստականներ այստեղ կտեղափոխվեն։ Հարցը դա չէ։ Ես պարզապես լսեցի այդ սրիկաներին, որոնք ընդհանրապես անգլուխ են։ Իսկ ի՞նչ կլինի, եթե փակենք գազի տարանցումը Եվրոպա։ Եթե փակենք լեհերի կամ օրինակ գերմանացիների համար, ի՞նչ կլինի հետո։ Պաշտպանելով մեր ինքնիշխանությունն ու անկախությունը՝ մենք չպետք է կանգ առնենք ոչնչի առաջ»,-ընդգծել է Լուկաշենկոն։
Նա նաեւ նկատել է, որ Բելառուսով անցնում է Յամալ-Եվրոպա անդրազգային գազատարը, ընդ որում, վերջին շրջանում զգալիորեն ավելացել է Ռուսաստանից Արեւմուտք գազի տարանցման ծավալը։
«Մենք տաքացնում ենք Եվրոպային, նրանք մեզ սպառնում են սահմանների փակմամբ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե փակենք գազի տարանցումը Եվրոպա։ Խորհուրդ կտամ, որպեսզի Լեհաստանի, Լիտվայի եւ մյուս անգլուխների ղեկավարությունը մտածի նախքան խոսելը։ Բայց դա նրանց գործն է։ Թող փակեն»,-ասել է Լուկաշենկոն։
«Բայց ԱԳՆ-ն Եվրոպայում պետք է բոլորին զգուշացնի․ եթե նրանք մեզ համար «անմարսելի» եւ «անընդունելի» լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեն, մենք պետք է արձագանքենք։ Իսկ ինչպես պատասխանել, մենք ձեզ հետ պայմանավորվել ենք վեց ամիս առաջ»,-ասել է Բելառուսի ղեկավարը։



























