Կլիմայի փոփոխության բազմաթիվ ազդեցությունները երաշտի, ջրհեղեղների, շոգերի եւ արեւադարձային մեգափոթորիկների վրա հաղթահարելու գործում խոցելի երկրներին օգնելու համար տրիլիոնավոր դոլարներ կպահանջվեն, այլ ոչ թե` այն միլիարդները, որոնք այժմ դրված են COP26-ի սեղանի վրա, ասվում է AFP-ի տրամադրության տակ հայտնված ՄԱԿ-ի զեկույցի նախագծում:

Հարուստ երկրների՝ խոցելի երկրներին տարեկան 100 միլիարդ դոլար տրամադրելու խոստումը չկատարելը Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայի շուրջ բանակցությունների թեժ թեման է դարձել:

Բայց մթնոլորտի տաքացման շարունակման իրական գինը շատ ավելի բարձր կլինի։

Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի (IPCC) զեկույցի նախագիծը, որը նախատեսվում է հրապարակել հաջորդ տարվա սկզբին, ցույց է տալիս, որ 100 միլիարդ դոլարը փոքր-ինչ ավել է, քան կանխավճարն այն ամենի համար, ինչ անհրաժեշտ է անմիջական ազդեցություններին նախապատրաստվելու համար:

Հեղեղված քաղաքները, սննդի պակասը, մահացու շոգը եւ զանգվածային միգրացիան կբարձրացնեն գինը: «Ադապտացման ծախսերը զգալիորեն ավելի բարձր են, քան նախկինում գնահատվում էր, ինչն «ադապտացման ֆինանսավորման աճող դեֆիցիտի» է հանգեցնում»,- ասվում է զեկույցի 4000 էջանոց գործադիր ամփոփագրում:

«Ադապտացիայի ֆինանսավորման կառավարման գոյություն ունեցող մեխանիզմներն բավարար չեն կլիմայական ազդեցությունների սպասվող մասշտաբների համար»:

Երկրի մակերեւույթը 1.1 աստիճանով ավել է տաքացել, քան նախաարդյունաբերական մակարդակն էր, ինչը սրում է եղանակային ծայրահեղ պայմանները ամբողջ մոլորակի վրա:

ՄԱԿ-ը հաշվարկել է, որ նույնիսկ այս տարի ածխածնի արտանետումների կրճատման պարտավորությունների նոր փուլի դեպքում Երկրի մակերեսը կտաքանա մինչեւ «աղետալի» 2.7 °C:

Որքան մեծ է ջերմաստիճանի բարձրացումը, այնքան մեծ է հասարակությանը կլիմայական աղետներից պաշտպանելու ծախսերը, զգուշացնում է ԿՓՄԽ-ը՝ կլիմայաբանության գծով աշխարհի առաջատար հեղինակությունը:

2050 թվականին հարմարվողականության համար անհրաժեշտ ֆինանսավորումը կարող է տարեկան մեկ տրիլիոն դոլարի հասնել արտանետումների որոշակի սցենարների դեպքում: Կանխատեսվում է, որ 2 աստիճան տաքացման դեպքում միայն Աֆրիկայում հարմարվողականության ծախսերը տարեկան կավելանան «տասնյակ միլիարդներով»:

Շատ գիտնականներ, այդ թվում՝ զեկույցի որոշ հիմնական հեղինակներ, ափսոսանք են հայտնում, որ դրա եզրակացությունները չեն հրապարակվել մինչեւ Գլազգոյում վճռորոշ կլիմայական պայմանների վերաբերյալ հանդիպումը:

Միեւնույն ժամանակ, փորձագետներն ու դիվանագետները սկսել են գնահատականներ տալ, որոնք զգալիորեն գերազանցում են COP26-ի բանակցություններում ներկայացված թվերը:

Մինչեւ 2020 թվականը տարեկան 100 միլիարդ դոլար հատկացնելու 10-ամյա խոստումը, որն այժմ հետաձգվում է մինչեւ 2023 թվականը, կոչված էր օգնելու կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրներին կանաչեցնել իրենց տնտեսությունները եւ պատրաստվել անխուսափելի հետեւանքներին: Բայց այն, ինչ 2009 թվականին զգալի էր թվում, այսօր թվում է աննշան: «100 միլիարդ դոլարի այս խոստումը հնացած է,- ասել է մտահոգված գիտնականների միության տնտեսագետ Ռեյչել Կլիտուսը:- Գիտությունը եւ իրողությունները տեղում գերազանցել են այն, ինչ պետք է արվեր: Երբ մենք խոսում ենք ֆինանսների մասին 2025 թվականից հետո, դրանք իսկապես պետք է տրիլիոններ լինեն»: