Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է 1994 թվականին արեւելյան Գրենլանդիայում հայտնաբերված երկու դինոզավրերի մնացորդները եւ պարզել, որ դա գիտությանը նախկինում անհայտ տեսակ է, գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Phys.org-ին:
Issi saaneq-ը ապրել է 214 միլիոն տարի առաջ՝ ուշ տրիասյան ժամանակաշրջանում: Հենց այդ ժամանակ էլ Պանգեա գերմայրցամաքը կազմալուծվել է, եւ սկսել է ձեւավորվել Ատլանտյան օվկիանոսը: Դա եղել է երկար պարանոցով միջին չափի բուսակեր դինոզավր։ Տեսակը երբեւէ եղած ամենամեծ ցամաքային կենդանիների նախնիներից մեկն է:
Թիմը կատարել է ոսկորների միկրոհամակարգչային տոմոգրաֆիա, որը թույլ է տվել նրանց ստեղծել ներքին կառուցվածքների եւ ոսկորների թվային 3D մոդելներ, որոնք դեռ ծածկված են նստվածքով:
«Երկու գանգերի անատոմիան հազվագյուտ է բազմաթիվ առումներով, օրինակ՝ ոսկորների ձեւով եւ համամասնությամբ: Այս նմուշները, անշուշտ, պատկանում են նոր տեսակի»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Վիկտոր Բեկարին:
Գրենլանդիայում հայտնաբերված դինոզավրը տարբերվում է մինչ այժմ հայտնաբերված բոլոր մյուս սաուրոպոդոմորֆներից: Հավանաբար, այս տեսակի ներկայացուցիչներն ամենից շատ նման են եղել Բրազիլիայում հայտնաբերված դինոզավրերին՝ Macrocollum-ին եւ Unaysaurus-ին։





























