Գլխավոր տոնածառը բարեհաջող տեղափոխվել է Ամերիկայի խոշորագույն մեգապոլիս Նյու Յորք շաբաթ գիշերը, հայտնել է քաղաքի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռոքֆելեր կենտրոնի տոնածառը տեղափոխվել է Նյու Յորք ճանապարհային ոստիկանության աջակցությամբ»,-ասվում է Twitter-ում տեղադրված իրավապահ ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:

12 տոննա կշռող եւ 24 մետր բարձրությամբ ծառը տեղափոխվել է Մերիլենդ նահանգից: Այդ նպատակով անհրաժեշտ էր 35 մերտ երկարությամբ կցորդիչ:

Սուրբ Ծննդյան գլխավոր խորհրդանիշերից մեկի՝ 85-ամյա եղեւնու փոխադրումը տեւել է երկու օր, պահանջվել է Նյու Յորք եւ Մերիլենդ նահանգների թույլտվությունը այդպիսի մեծ չափսերով բեռը տեղափոխելու համար, ինչպես նաեւ բեռնատարն ուղեկցել է մի քանի միավոր հատուկ տեխնիկա եւ ոստիկանության ավտոմեքենաների շարասյունը:

Տեղադրելուց հետո տոնածառը կզարդարեն ավելի քան 50 հազար բազմազան գույներով շղթայով, իսկ գագաթին կտեղադրեն ավելի քան 400 կգ քաշով բյուրեղյա աստղ, որը ստեղծել է Swarovski ընկերությունը: Տոնածառի լույսերը վառելու արարողությունը կկայանա դեկտեմբերի 1-ին, իսկ մեգապոլիսի բնակիչները հնարավորություն կունենան վայելել այն մինչեւ հունվարի 16-ը:

Ռոքֆելեր պլազայում տոնածառը տեղադրելու ավանդույթը սկիզբ է առել 1930-ականների սկզբում: Ռոքֆելեր կենտրոնի համալիրի աշխատողները 1931 թվականին տեղադրել էին տոնածառը հենց շինարարական հրապարակում: Այդ ժամանակ 6-մետրոնց եղեւնին զարդարել էին թղթե շղթաներով եւ անտառային հատապտուղներով: Տոնածառի լույսերը վառելու առաջին արարողությունը կայացել է 1933 թվականին, ինչից հետո «անտառային գեղեցկուհուն» սկսել են զարդարել էլեկտրական լույսերով: