Apple-ը թույլ կտա օգտատերերին ինքնուրույն վերանորոգել սմարթֆոններն ու համակարգիչները տանը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։

Ամերիկյան ընկերությունը հայտարարել է Self Service Repair ծրագրի մեկնարկի մասին։ IT հսկան հանրությանը կվաճառի iPhone-ի եւ Mac-ի հայտնի մասերը եւ կհրապարակի վերանորոգման հրահանգներ: Apple-ը նախ կվաճառի iPhone 12-ի եւ iPhone 13-ի մասեր, որին կհետեւի M1-ի վրա հիմնված Mac-ի մասեր:

Հաղորդվում է, որ Self Service Repair-ը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին ԱՄՆ-ում: 2022 թվականի ընթացքում ծրագիրը կընդլայնվի այլ երկրներում։ «Սկզբում այն ​​կկենտրոնանա առավել հաճախ սպասարկվող բաղադրիչների վրա, ինչպիսիք են iPhone-ի էկրանը, մարտկոցը եւ տեսախցիկը»,-ասել են ընկերությունում:

Apple Store-ից կարելի է պատվիրել ավելի քան 200 մասեր, որոնք կօգնեն լուծել iPhone-ի հայտնի խնդիրները տանը: «Մենք երբեք չենք մտածել, որ կապրենք մինչ այս օրվա գալը»,-արձագանքել են մասնագետները, որոնք զբաղվում են ինքնավերանորոգման մասսայականացմամբ։