Բրազիլական Ամազոնում անտառահատված տարածքը հասել է 15 տարվա ամենաբարձր ցուցանիշին՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22 տոկոսով:
Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի Prodes մոնիտորինգի համակարգը պարզել է, որ բրազիլական Ամազոնը 13235 քառակուսի կիլոմետր տրոպիկական անտառ է կորցրել 12-ամսյա հաշվետու ժամանակահատվածում՝ 2020 թվականի օգոստոսից մինչեւ 2021 թվականի հուլիսը: Սա առավելագույն ցուցանիշ է 2006 թվականից ի վեր։
Բրազիլական Ամազոնը ոչ մի տարի չի գրանցել ավելի քան 10.000 քառակուսի կիլոմետր անտառահատումներով ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, մինչեւ 2019 թվականի հունվարին Ժաիր Բոլսոնարուի պաշտոնավարման սկիզբը: 2009-ից 2018 թվականներին միջինը կազմել է 6500 քառակուսի կիլոմետր։ Այդ ժամանակից ի վեր տարեկան միջին ցուցանիշն աճել է մինչեւ 11405 քառակուսի կիլոմետր:
«Սա խայտառակություն է: Սա հանցագործություն է»,- The Associated Press-ին ասել է Climate Observatory-ի` բնապահպանական ոչ առեւտրային խմբերի ցանցի գործադիր քարտուղար Մարսիո Աստրինին: «Մենք տեսնում ենք, որ կառավարությունը ոչնչացնում է Ամազոնի անտառները՝ շրջակա միջավայրի ոչնչացումը հանրային քաղաքականություն դարձնելով»:
Բոլսոնարուն ստանձնեց պաշտոնը՝ խոստանալով զարգացնել Ամազոնը եւ մերժելով դրա ոչնչացման դեմ համաշխարհային բողոքները։ Նրա վարչակազմը դեմ էր բնապահպանական մարմիններին եւ աջակցում էր հողերի պաշտպանության թուլացմանն ուղղված օրենսդրությանը` խրախուսելով դրանց գրավումը:





























