Google-ի Alphabet մայր ընկերությունն այսօր հայտարարել է, որ ունիվերսալ ռոբոտների ստեղծման իր Everyday Robots Project-ը եւս մի կարեւոր կետի է հասել: Ընկերությունը որոշ նախատիպեր է հասցրել Google Bay Area-ի կամպուսներ, որտեղ դրանք մի շարք պարզ առաջադրանքներ կկատարեն։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով The Verge-ը։

Խոսքը մաքրման աշխատանքներով զբաղվող ռոբոտների մասին է: Դրանք ի վիճակի են այնպիսի առաջադրանքներ կատարել, ինչպիսիք են աղբի տեսակավորումը, հարթ մակերեսների փոշին մաքրելը եւ այլն: Ռոբոտները կարող են ինքնուրույն փոքր առարկաներ տեղափոխել, ինչպիսիք են բաժակները, եւ նույնիսկ բացել դռները: Այս ռոբոտները անիվների վրա փոքրիկ աշտարակներ են, որոնց «թեւ» է ամրացվում՝ վերջում ունիվերսալ բռնակով։ Աշտարակի վերեւում «գլուխն» է՝ տեսախցիկներով եւ սենսորներով՝ մեքենայական տեսողության իրականացման համար։ Կողքին պտտվող LiDAR-ի նման սարք է տեղադրված, որը ենթադրաբար օգտագործվում է նավիգացիայի համար։

Everyday Robots-ի ղեկավար Հանս Փիթեր Բրոնդմոն ասում է, որ այդ ռոբոտներն առաջին անգամ օգտագործվել են 2019 թվականին թափոնների տեսակավորման եւ վերամշակման համար: Ընկերությունը խոստանում է, որ նոր ռոբոտները կկարողանան լիովին գործել տներում եւ գրասենյակներում: Այսինքն՝ Alphabet-ի կողմից ներկայացված սարքերը ունակ են ոչ տիպիկ առաջադրանքներ կատարել՝ թափել աղբը, մաքրել խոհանոցը կամ ծալել հագուստը։