ԱՄՆ-ում հայկական քրեական խմբի ղեկավար Արմեն Ղազարյանը, ով հայտնի է  «Պզո» մականունով, ընդունել է իրեն առաջադրված ռեկետով զբաղվելու մեղադրանքը: Այս մասին հաղորդել է UPI.com կայքը: 47-ամյա Արմեն Ղազարյանը հաստատել է, որ ինքը զբաղվել է դրամաշորթությամբ: Մեղադրական կողմը կոչ է արել Ղազարյանին օգտագործել իր ղեկավար դիրքերը քրեական համայնքում եւ օգնել բժշկական ապահովագրության Medicare ծրագրի շրջանակներում իրականացված հանցագործությունները բացահայտելուն:

ԱՄՆ դատախազ Փրիթ Բհարարան` իր կողմից տարածված հայտարարության մեջ նշել է, որ կազմակերպված հանցավորությունը 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկն է: Ըստ դատախազի՝ այս հանցագործության բացահայտումն ապացուցում է, որ «եթե դու հանցանք ես գործել, ապա իմացիր, որ մենք քեզ գտնելու ենք եւ պատասխանատվության ենք ենթարկելու օրենքի ողջ ուժով»:

Նշենք, որ «Պզոն» եղել է Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ ամենահայտնի քրեական տարրերից մեկը, այդ թվում Հայաստանում: Նրա գլխավորությամբ գործող հանցավոր խումբը, որը հիմնականում կազմված էր ամերիկահայերից, տարիներ շարունակ կեղծ փաստաթղթերով մոտ 163 մլն դոլար էր յուրացրել ամերիկյան Medicare բժշկական ապահովագրական համակարգից: Դատավճիռը կընթերցվի 2011թ. հոկտեմբերի 6-ին: