Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմամբ, հունիսի 1-ից հոգեւոր աստիճանից զրկվել է Շվեյցարիայի հոգեւորական Աբել Մանուկյանը։ Պատճառը «կարգապահական թերացումն» է։ Սակայն հայր Աբելը պնդում է, որ Կաթողիկոսի որոշումն ապօրինի է, գրում է Nouvelles d`Arménie-ն։

Մայրի Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության ներկայացուցիչ հայր Արշակն ասել է, որ Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմը, «շնորհիվ» հայ Աբելի, գոյություն չունի, «ով այժմ ստանում է 8000 շվեյցարական ֆրանկ, ինչից դժվար է հրաժարվել»:

Սակայն հայր Աբելը պատրաստվում է դատարանում վիճարկել այդ որոշումը։ Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե Գարեգին Բ-ի կողմից շատ հոգեւորականներ են կարգալույծ արվել, հայր Արշակը սկզբում փորձել է հերքել դա, սակայն հետո խոստովանել է, որ հետ է կանչվել 40 հոգեւորական։