Ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկ Յուսակու Մաեձավան կարծում է, որ դեպի Միջազգային տիեզերակայան իր ճանապարհորդությունը «զարմանալի» փորձ է:

Միլիարդատեր Մաեձավան Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ թեեւ ինքը պատկերացնում էր, թե ինչպիսին կլինի իր առաքելությունը, միեւնույն է՝ ապշած էր իրականությունից: «Տիեզերքում հայտնվելով՝ հասկանում ես, որ արժեր դա անել՝ ստանալով այս զարմանալի փորձը»,- կայան ժամանելուց հետո AP-ին տված իր առաջին հարցազրույցում ասել է նա: «Եւ ես հավատում եմ, որ այս զարմանալի փորձը մի այլ բանի կհանգեցնի»։

46-ամյա Մաեձավան եւ 36-ամյա նրա պրոդյուսեր Յոձո Հիրանոն 2009 թվականից ի վեր առաջին զբոսաշրջիկներն են, ովքեր այցելել են տիեզերակայան: Երբ նրան հարցրել են այն լուրերի մասին, որոնք պնդում են, որ նա ավելի քան 80 միլիոն դոլար է վճարել 12-օրյա առաքելության համար, Մաեձավան պատասխանել է, որ չի կարող բացահայտել պայմանագրի գումարը, սակայն խոստովանել է, որ «բավական շատ» է վճարել։

Նա հերքել է նրանց քննադատությունը, ովքեր կասկածի տակ էին դնում տիեզերական ճանապարհորդությունների վրա գումար ծախսելու իր որոշումը՝ Երկրի վրա մարդկանց օգնելու փոխարեն՝ հայտարարելով, որ «հավանաբար քննադատում են նրանք, ովքեր երբեք չեն եղել տիեզերքում»:

«Ամենահիշարժան պահերն այն էին, երբ ես «Սոյուզ» տիեզերանավից տեսա Միջազգային տիեզերական կայանը՝ կցումից անմիջապես առաջ, եւ երբ մենք այստեղ մտանք կցումից հետո»,- ասել է նա:

Նա խոստովանել է, որ տիեզերական զբոսաշրջություն այժմ կարող են իրենց թույլ տալ գերհարուստները, բայց հավելել է, որ նրանք, ովքեր մեկնում են տիեզերք, պետք է պատրաստ լինեն այլ մարտահրավերների: «Այո, դա դեռ բավական թանկ է, բայց խոսքը միայն փողի մասին չէ»,- ասել է նա: «Ձեր օրգանիզմին ժամանակ է պետք այս միջավայրին հարմարվելու համար, իսկ արտակարգ իրավիճակներին պատրաստվելը տեւում է առնվազն մի քանի ամիս: Այնպես որ, ճիշտն ասած, այն հասանելի է միայն նրանց, ովքեր ունեն ժամանակ եւ մարզավիճակ, եւ նրանց, ովքեր կարող են դա թույլ տալ իրենց: Բայց մենք չգիտենք, թե արդյոք դա այդպես կլինի 10, 20 տարի հետո»:

Նա նշել է, որ «թեթեւ սրտխառնոց» է զգացել եւ «մի փոքր դժվարությամբ է կարողացել քնել», հավելելով, թե ապագա տիեզերական զբոսաշրջիկները պետք է տեղյակ լինեն, որ անհրաժեշտ է մինչեւ հինգ օր ծախսել տիեզերքում սրտխառնոցին հարմարվելու համար: Նա խոստովանել է, որ քնելը մինչեւ հիմա էլ դժվար է։ «Անկեղծ ասած՝ լավ չեմ քնում: Քնապարկ է տրամադրվել, բայց այն շատ տաք է, ուստի չեմ օգտագործում»,- ասել է նա։

Նա գոհ է ճանապարհորդության տեւողությունից։ «Տասներկու օրը լավ է ինձ համար։ Ես կազատվեմ սրտխառնոցից, որպեսզի կարողանամ վայելել մնացած օրերը: Ես կվերադառնամ 20-ին եւ սկսում եմ կարոտել Ճապոնիան: Հենց վերադառնամ, ուզում եմ սուշի ուտել։

Թռիչքից առաջ Մաեձավան կազմել է 100 բաների ցանկ, որոնք պետք է աներ տիեզերքում իր առաքելության ընթացքում: «Ես անհամբեր սպասում եմ տիեզերակայանում սպորտով՝ բադմինտոնով, սեղանի թենիսով եւ գոլֆով զբաղվելուն»,- ասել է նա AP-ին: «Այն, ինչին ես իրականում անհամբեր չեմ սպասում, դա անձնական խնամքի հետ կապված բաներն են»:

Մաեձավան իր հարստությունը վաստակել է նորաձեւության մանրածախ առեւտրով` բացելով Ճապոնիայի ամենամեծ նորաձեւության կենտրոնը՝ Zozotown-ը: Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 1,9 միլիարդ դոլար։ Մագնատը նաեւ պլանավորում է թռիչք դեպի Լուսին՝ Իլոն Մասկի աստղաթիռով, որը նախնական ծրագրված է առաջիկա մի քանի տարիներին: