Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները շատ շուտով կարող են «օճառի պղպջակի» վերածվել, հայտարարել են բրիտանացի, ֆրանսիացի եւ գերմանացի բարձրաստիճան դիվանագետները, հաղորդում է Reuters-ը:
«Այս պահին մենք դեռ չենք կարող իրական բանակցություններ սկսել»,- ասել են եվրոպական եռյակի դիվանագետները։ «Ժամանակը սպառվում է. առանց արագ առաջընթացի, Իրանի միջուկային ծրագրի արագ առաջխաղացման լույսի ներքո ՀԳՀԾ-ն շատ շուտով դատարկ պատյանի կվերածվի»,- հավելել են նրանք:
Հայտարարության մեջ հոռետեսորեն գնահատվում են գործարքի երկարաձգմանն ուղղված ջանքերը, որոնց համաձայն Իրանը սահմանափակել է իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի կողմից տնտեսական պատժամիջոցներից ազատվելու դիմաց։
Դիվանագետները նշել են, որ իրենք զգալի առաջընթաց են գրանցել բանակցությունների վեց փուլերում ապրիլ-հունիս ամիսներին, երբ բանակցություններն ընդհատվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ընտրվելու կապակցությամբ:
Յոթերորդ փուլում, որը սկսվել էր նոյեմբերի 29-ին, Իրանը հրաժարվեց նախորդ վեց փուլերում ձեռք բերված փոխզիջումներից եւ ավելին պահանջեց, ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
«Մենք թանկարժեք ժամանակ ենք կորցնում, զբաղվելով Իրանի նոր դիրքորոշումներով, որոնք անհամատեղելի են ՀԳՀԾ-ի հետ կամ դուրս են դրա սահմաններից»,- ասվում է E3 դիվանագետների հայտարարության մեջ: «Սա հիասթափեցնող է, քանի որ համապարփակ եւ արդար գործարքի նախագիծը, որը կվերացնի ԳՀՀԾ-ի բոլոր պատժամիջոցները, զենքի չտարածման մեր մտահոգություններին զուգահեռ, հստակ տեսանելի է, եւ այդպես է անցյալ ամառվանից»,- հավելել են նրանք:





























