Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաջորդ շաբաթ կմեկնի Իսրայել՝ Իրանի հարցը քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Իսրայելի կառավարությունը մտահոգված է, որ Բայդենի վարչակազմը կարող է ընտրել «քիչ` քչի դիմաց» գործարքը, եթե սկզբնական գործարքին վերադառնալ չհաջողվի: Իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ այդպիսի գործարքը կթուլացնի Իրանի դեմ պատժամիջոցները՝ առանց դրա միջուկային ծրագրի դադարեցման:
Օբամայի վարչակազմի օրոք Սալիվանը ներգրավված էր Իրանի հետ գաղտնի բանակցություններում, որոնք մեկ այլ միջուկային համաձայնագրի հանգեցրին` 2013 թվականի Համատեղ գործողությունների ծրագրին:
Սալիվանը վերջերս իր իսրայելցի գործընկերոջը ներկայացրեց միջանկյալ գործարքի գաղափարը, եթե 2015 թվականի գործարքին վերադարձն անհնարին դառնա:
Ակնկալվում է, որ Սալիվանը կհանդիպի վարչապետ Նաֆթալի Բենեթի, արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի եւ պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ:
Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ նա կայցելի նաեւ Ռամալլա՝ պաղեստինցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար:





























