ԱՄՆ-ն առաջ կմղի պաշտպանական եւ տնտեսական միությունները Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է Reuters-ը։
Ինդոնեզիա կատարած այցի ժամանակ Բլինքենն ասել է, որ բոլորը շահագրգռված են աշխարհի այս ամենադինամիկ տարածաշրջանը զերծ պահել հարկադրանքից եւ ահաբեկումից, եւ, անուղղակիորեն նկատի ունենալով Չինաստանը, նշել է, որ Միացյալ Նահանգները կդիմադրի ցանկացած անօրինական գործողության։
«Մենք կաշխատենք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ պաշտպանելու կանոնների վրա հիմնված կարգը, որը մենք միասին ստեղծել ենք տասնամյակներ շարունակ՝ տարածաշրջանը բաց եւ հասանելի պահելու համար»,-նշել է նա։
Բլինքենը, ով այս շաբաթ կայցելի Մալայզիա եւ Թաիլանդ, հավելել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները կուժեղացնեն պաշտպանական եւ հետախուզական կարողությունները տարածաշրջանում եւ կպաշտպանեն բաց եւ անվտանգ համացանցը:
Նրա խոսքով՝ Հարավչինական ծովում Չինաստանի «ագրեսիվ գործողությունները» սպառնում են ավելի քան 3 տրիլիոն դոլարի տարեկան առեւտրին, եւ տարածաշրջանի երկրներն անհանգստացած են:
Բլինքենի խոսքով՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է նոր տարածաշրջանային տնտեսական կառուցվածքին, որը կներառի ավելի շատ օտարերկրյա ուղիղ ներդրումներ եւ ամերիկյան ընկերությունների համար հնարավորությունների որոնում: «Նախագահ Բայդենի հրամանով՝ մենք մշակում ենք Հնդկախաղաղօվկիանոսյան համապարփակ տնտեսական շրջանակ՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին, այդ թվում՝ առեւտրի եւ թվային տնտեսության ոլորտներում»,-ընդգծել է Բլինքենը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները եւ դաշնակիցները ճնշում կգործադրեն Մյանմարի խունտայի վրա՝ դադարեցնելու բռնությունները, ազատ արձակելու ձերբակալվածներին եւ երկիրը վերադարձնելու դեպի ժողովրդավարություն։





























