Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը պաշտպանել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ Մեծ Բրիտանիային կոչ անելով Ավստրալիայի քաղաքացուն չարտահանձնել ԱՄՆ։

Բարնաբի Ջոյսը կարծում է, որ Ասանժին պետք է թողնել Մեծ Բրիտանիայում եւ այնտեղ դատել կամ վերադարձնել հայրենիք։ 50-ամյա տղամարդուն ԱՄՆ արտահանձնում է սպառնում՝ 2010 եւ 2011 թվականներին WikiLeaks-ի կողմից գաղտնի ռազմական տեղեկատվության հրապարակման հետ կապված լրտեսության մեղադրանքով։

Ջոյսն ասել է, որ Ասանժը չի գողացել ԱՄՆ գաղտնի ֆայլերը եւ չի գտնվել ԱՄՆ-ում WikiLeaks-ի կողմից դրանք հրապարակելու պահին: Նրա խոսքով՝ Ասանժն իր գործողությունների ընթացքում Ավստրալիայի ոչ մի օրենք չի խախտել։ «Որպես անհատ, անկախ նրանից` դա ձեզ դուր է գալիս, թե ոչ, նա չի կարող ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները»,- գրել է Ջոյսն ավստրալական Nine Newspapers թերթում հրապարակված խմբագրականում: