Միացյալ Նահանգները «այլընտրանք» է պատրաստում այն դեպքի համար, եթե իրանական միջուկային գործարքի վերսկսման փորձերը տապալվեն։ Այս մասին ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղեկացնում է AFP-ը։
«Մենք շարունակում ենք զբաղվել դիվանագիտությամբ, որովհետեւ ներկա պահին դա է մնում լավագույն տարբերակը, բայց մենք ակտիվորեն փոխգործակցում ենք դաշնակիցների եւ գործընկերների հետ այլընտրանքային տարբերակների շուրջ»,- ասել է նա։
Բլինքենի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ «լրացուցիչ միջոցներ» է պատրաստում։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նաեւ վկայակոչել է բանակցություններին մասնակցող եվրոպական երկրների վերջերս արած հայտարարությունը, որում, նրա խոսքով, նշվում էր, որ «ժամանակն անցնում է, եւ Իրանը դեռեւս չի մասնակցում իրական բանակցություններին»։
«Եթե արագ առաջընթաց չլինի... Իրանի հետ միջուկային համաձայնությունը դատարկ թաղանթ կլինի»,- ասել է Բլինքենը՝ հղում կատարելով հայտարարությանը։
Անցած հանգստյան օրերին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ավելի հեռուն էր գնացել՝ նախազգուշացնելով, որ վերսկսված բանակցությունները «իսլամական հանրապետության՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ լուրջ որոշում ընդունելու վերջին շանսն են»։





























