Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ մեղադրել է Հունաստանին եւ Կիպրոսին Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի «խնդիրներ» ունենալու մեջ։

Նրա խոսքով՝ Թուրքիան «խնդիրներ» ունի Հունաստանի եւ Կիպրոսի «ծավալապաշտական քաղաքականության եւ հավակնությունների» պատճառով, այդ քաղաքականությունը եւ հայտարարությունները «ներառում են զենքի գնման ծրագրեր եւ այսպես կոչված դաշինքների ստեղծում, ինչպես նաեւ ագրեսիվ գործողություններ եւ հռետորաբանություն»։ Այնուհետեւ Աքարը կոնկրետ մեղադրել է Հունաստանին «բարեմիտ երկխոսության Անկարայի հրավերներն» անտեսելու եւ Լոզանի պայմանագիրը խախտելու մեջ։

Նա նաեւ անդրադարձել է С-400 համակարգերին՝ նշելով, որ С-400 համակարգի հետ կապված աշխատանքը կշարունակվի։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաեւ հայտարարել է ինչ-որ անորոշության մասին Վաշինգտոնի պատասխանի հարցում՝ -16 Viper ինքնաթիռներ գնելու եւ այլ ինքնաթիռներն արդիականացնելու Անկարայի խնդրանքի հետ կապված։

«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները դրական դիրքորոշում ունի այս հարցում։ Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը։ Բայց բացասական դիրքորոշման դեպքում մենք, բնականաբար, հաշվի առնելով թշնամական միջավայրը, որում գտնվում ենք, ստիպված կլինենք ուսումնասիրել այլընտրանքային տարբերակներ»,- ասել է Աքարը։