Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) երկրները՝ Բահրեյնը, ԱՄԷ-ն, Կատարը, Քուվեյթը, Օմանը եւ Սաուդյան Արաբիան, պայմանավորվել են միասին աշխատել՝ ուժեղացնելու կանանց դերն իրենց երկրներում եւ ամրապնդելու համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին ասվում է երեքշաբթի Էր Ռիադում կայացած ՊԾԱՊՀԽ 42-րդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ, որը մամուլի ասուլիսում ընթերցել է տարածաշրջանային Խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ֆալահ ալ Հաջրաֆը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։  

«[ՊԾԱՊՀԽ] երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու կանանց եւ երիտասարդության դերը Պարսից ծոցի երկրներում, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը եւ բիզնեսը: Այս պահին կարեւոր է ընդլայնել համագործակցությունը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, մեր երկրների թվային վերափոխման գործում։ Ընդհանուր մարտահրավերներին արձագանքելու համար խիստ անհրաժեշտ է համերաշխություն եւ համագործակցություն ՊԾԱՊՀԽ-ի երկրների միջեւ», - ասվում է գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում, որը հեռարձակվել է Al Arabiya հեռուստաալիքով։

Բացի այդ, տարածաշրջանի երկրները պայմանավորվել են համագործակցել մի շարք միջազգային հարցերի շուրջ։ ՊԾԱՊՀԽ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, խոսվում է «Աֆղանստանի համար համաձայնեցված լուծում գտնելու», «Նեղոսի ջրերի նկատմամբ Եգիպտոսի եւ Սուդանի իրավունքներին» աջակցելու եւ «իրանական միջուկային ծրագրի շուրջ ցանկացած բանակցություններում Պարսից ծոցի երկրների մասնակցության կարեւորության մասին»։

«Մենք կոչ ենք անում միավորել տարածաշրջանի պետությունների եւ ամբողջ աշխարհի ջանքերը՝ աֆղանստանցի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ Աֆղանստանի՝ ահաբեկչական կազմակերպությունների ապաստարան դառնալը թույլ չտալու համար։ Մենք սատարում ենք Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի [Հանս Գրունդբերգի]՝ Եմենի ճգնաժամին քաղաքական լուծում գտնելու ջանքերը», - իր հերթին հանդիպման ժամանակ նշել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը։

Բացի Սաուդյան Արաբիայի թագաժառանգից, գագաթնաժողովին մասնակցել են ԱՄԷ փոխնախագահ եւ վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը, Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին, Բահրեյնի թագավոր շեյխ Համադ բեն Իսա Ալ Խալիֆան, Քուվեյթի թագաժառանգ շեյխ Մաշաալ ալ Ահմեդ աս Սաբահը եւ Օմանի կաբինետի հարցերով փոխվարչապետ Ֆահդ բեն Մահմուդ ալ Սաիդը: