101 տարեկանում մահացել է ԿԺԴՀ-ի հիմնադիր եւ առաջին նախագահ Կիմ Իր Սենի կրտսեր եղբայրը՝ Կիմ Յոն Չժուն, հաղորդում է Yonhap-ը։

Փհենյանի պետական ​​լրատվամիջոցները հաստատել են լուրը։ Մահվան պատճառի եւ ստույգ ամսաթվի մասին չի հաղորդվում։

ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցություն է հայտնել Կիմ Յոն Չժուի մահվան կապակցությամբ։

Կիմ Յոն Չժուն, ով ծնվել է 1920 թվականին, Կորեայի անկախության շարժման ակտիվիստներից էր։ Կիմ Իր Սենի՝ իշխանության գալուց հետո նա զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։ Մասնավորապես, նա գլխավորել է Կորեայի Աշխատավորական կուսակցության ազդեցիկ կազմակերպչական բաժինը, սակայն 1973 թվականին նրան փոխարինել է Կիմ Իր Սենի որդին՝ Կիմ Չեն Իրը։

Ինքը՝ Կիմ Իր Սենը, Հյուսիսային Կորեայի հիմնադիրն է եւ նրա փաստացի անփոփոխ առաջնորդը 1948 թվականից մինչեւ իր մահը: Կիմ Իր Սենը մահացել է 1994 թվականին 82 տարեկանում։