Ֆրանսիան ութ տարի տեւած «Բարհան» հակաահաբեկչական գործողություններից հետո զորքերը դուրս է բերել Մալիի հյուսիսում գտնվող Տիմբուկտուից, հաղորդում է ՌԻԱ Նովոտին։
«Կիդալ եւ Թեսալիտ բնակավայրերից հետո Տիմբուկտուում «Բարհան» գործողության ուժերի կողմից զբաղեցրած տարածքը դեկտեմբերի 14-ին փոխանցվել է Մալիի զինված ուժերին։ Ինչպես Կիդալում եւ Թեսալիտում, այս անցումն իրականացվել է աստիճանաբար եւ Մալիի զինված ուժերի համաձայնությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
2014 թվականին Ֆրանսիան տարածաշրջանում սկսել էր «Բարհան» հակաահաբեկչական գործողությունը։ Այս առաքելությանն աջակցում է նույն թվականին ստեղծված G5-ի տարածաշրջանային կառույցը։ Գործողության նպատակը, որը Ֆրանսիան իրականացնում է Սահարա Սահել շրջանում (Նիգեր, Մալի, Բուրկինա Ֆասո, Մավրիտանիա, Չադ) ահաբեկչության դեմ պայքարելն է եւ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելը։
2021 թվականի ամռանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կփոխի Սահելի շրջանում իր ռազմական ներկայության մոդելը, եւ «Բարհան» գործողությունն իր ներկայիս տեսքով կավարտվի։ Նրա խոսքով՝ դրան կփոխարինի միջազգային դաշինքը, որը կներառի տարածաշրջանի երկրներն ու այլ գործընկերներ։



























