Թուրքիան եւ ԱՄԷ-ն ձգտում են խորացնել համագործակցությունը։ Թուրքիայի արտգործնախարարի եւ ԱՄԷ վարչապետի միջեւ Դուբայում կայացած բանակցություններից հետո մրցակիցներն ակտիվացրել են դիվանագիտությունը՝ հարաբերությունները հարթելու համար, հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ժամանել է ԱՄԷ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները եւ հանդիպելու Դուբայում  թուրք գործարարների հետ։

Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան եւ ԱՄԷ-ն անցյալ ամիս Անկարայում բանակցությունների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որը, նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով, ավետում է «նոր դարաշրջան» երկու երկրների հարաբերություններում:

Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, ով Դուբայի կառավարիչն է, ԱՄԷ-ի փոխնախագահն ու վարչապետը, հանդիպել է Չավուշօղլուի հետ՝ քննարկելու «ԱՄԷ-ի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության ամրապնդումը եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության շրջանակի մշակումը»:

Չավուշօղլուն Դուբայում հանդիպել է թուրք գործարարների հետ, որոնք, նրա խոսքով, «կարեւոր դեր են խաղում ԱՄԷ-ի հետ առեւտրային կապերի զարգացման գործում»։ 

Անկարան ավելի վաղ մեղադրել է ԱՄԷ-ին 2016 թվականին Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձը ֆինանսավորելու մեջ, մինչդեռ Աբու Դաբին քննադատել է Թուրքիայի ռազմական գործողությունները տարածաշրջանում։

Թուրքիան քայլեր է ձեռնարկել Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար, սակայն այդ բանակցություններն առաջընթացի չեն հանգեցրել։ Աբու Դաբին նաեւ ակտիվացրել է տարածաշրջանային հակամարտությունները նվազեցնելու եւ տնտեսությունը վերակողմնորոշելու ջանքերը։

Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է փետրվարին այցելել Աբու Դաբի։