Եվրամիության կառավարությունները վերահաստատել են իրենց խոստումը՝ մի օր թույլ տալ բալկանյան վեց երկրներին միանալ դաշինքին՝ դրդելով ԵՄ-ին վերջապես բանակցություններ սկսել Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ, հայտնել է Reuters-ը։

Ավելի քան մեկ տարի Ուկրաինայից Թունիս «ընկերների օղակ» ստեղծելու ԵՄ-ի ծրագիրը կաթվածահար է եղել, մասամբ այն պատճառով, որ եվրոպացի քաղաքական գործիչները վախենում են միգրացիայի նկատմամբ բացասական արձագանքից: Բալկանյան պետությունները ներառում են Սերբիան, Կոսովոն, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չեռնոգորիան, Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան:

«Խորհուրդը վերահաստատում է իր հավատարմությունը ընդլայնմանը, որը մնում է Եվրամիության առանցքային քաղաքականությունը», - ասվում է Եվրոպական հարցերով ԵՄ 27 նախարարների հայտարարության մեջ: «Խորհուրդը վերահաստատում է ԵՄ-ի անվերապահ աջակցությունը Արեւմտյան Բալկանների եվրոպական հեռանկարին»:

Մեկ տարի առաջ ԵՄ կառավարությունները չկարողացան համաձայնության գալ մի հայտարարության շուրջ, որը պետք է ամրապնդեր ԵՄ-ի ՝ անդամակցության համար վեց թեկնածու ներգրավելու ռազմավարությունը:

ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշման շուրջ բանակցություններն այս տարի նույնպես դժվարություններով էին ընթանում, քանի որ ԵՄ երկրները մտահոգված էին 2007-ին Ռումինիայի եւ Բուլղարիայի հապճեպ միացումների կրկնությամբ եւ արեւելյան եվրոպացիների կողմից վատ կառավարվող միգրացիայով դեպի Մեծ Բրիտանիա, ինչը շատ բրիտանացիների ԵՄ-ի դեմ հանեց:

«Խորհուրդը ակնկալում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության եւ Ալբանիայի հետ առաջին միջկառավարական համաժողովների շուտափույթ անցկացում», - ասվում է հայտարարության մեջ։