Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի առաջնորդները փորձում են համոզել ԵՄ-ին թույլ տալ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները, սակայն ակնկալվում է, որ նրանք միայն աջակցության երաշխիքներ կստանան «ռուսական ցանկացած հնարավոր ագրեսիայի» դեպքում, հայտնում է Reuters-ը։
Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը նաեւ ընդգծում է նախկին խորհրդային վեց հանրապետությունների նկատմամբ ԵՄ մոտեցման սահմանափակ հաջողությունը:
«Վեց երկրներից Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներքաշված են Մոսկվայի հետ տարածքային վեճերում։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մասնակցում են գագաթնաժողովին, բայց չեն ձգտում ԵՄ անդամակցության։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով տուժել է արեւմտյան պատժամիջոցներից մարդու իրավունքների խախտումների պատճառով, մնացել է լուսանցքում»,-նշում է գործակալությունը։
«Մեր նպատակն է լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը»,-Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում ԵՄ-ն առաջարկում է գումար, տեխնիկական աջակցություն եւ ազատ առեւտուր, բայց ոչ անդամակցություն:
Չորեքշաբթի օրը կայացած գագաթնաժողովից առաջ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել Արեւմուտքին թույլ տալ միանալ Ատլանտյան դաշինքին՝ նպատակ, որին ձգտում է Ուկրաինան, բայց ոչ Մոլդովան:
«Յուրաքանչյուր պետություն ինքնիշխան իրավունք ունի ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը»,-ասել է Ղարիբաշվիլին։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ իր երկիրը ձգտում է անդամակցել ԵՄ-ին եւ Ռուսաստանին տեղեկացրել է իր մտադրության մասին։




























