ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամները պետք է համագործակցեն համավարակի դեմ պայքարի եւ գլոբալ խաղաղության պահպանման գործում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակապի միջոցով հանդիպմանը հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները պարտավոր են խորացնել համագործակցությունը համավարակի դեմ պայքարի, միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման, տնտեսական վերականգնմանն ուղղված գործողությունների համակարգման եւ միջազգային հանրության ակնկալիքներին ակտիվորեն արձագանքելու գործում»,- ասել է նա, փոխանցում է Չինաստանի արտգործնախարարությունը:

Բացի այդ, Չինաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ պատվաստանյութերի, դեղամիջոցների եւ թեստավորման համակարգերի մշակման հարցում։

«Մենք մտադիր ենք նաեւ ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունն ու շփումները կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման համակարգերի, պատվաստանյութերի եւ դեղամիջոցների մշակման գործում»,- ասել է ՉԺՀ նախագահը։

Սի Ցզինպինը նաեւ կոչ է արել ուժեղացնել Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը էներգիայի վերականգնվող եւ այլընտրանքային աղբյուրների, ինչպես նաեւ միջուկային էներգիայի ոլորտում։

«Ռուս-չինական էներգետիկ համագործակցությունն ամուր հիմքեր եւ շփման բազմաթիվ կետեր ունի։ Երկու կողմերը պետք է օգտագործեն ավանդաբար ուժեղ էներգետիկ փոխգործակցության պաշարը, այն լրացնեն համագործակցությամբ էներգիայի նոր աղբյուրների ոլորտում, խթանեն համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում, դիտարկեն էներգիայի վերականգնվող աղբյուրները եւ համագործակցության այլ ողղություններ»։