ԵՄ-ն հավատարիմ է մնում միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության աջակցությանը։ Այս մասին ասվում է Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում։
«Մենք հավաքվել ենք, որպեսզի հաստատենք մեր վճռական հավատարմությունը մեր ռազմավարական, հավակնոտ եւ հեռատես «Արեւելյան գործընկերությանը», որը նախկինի պես ամուր հիմնված է ընդհանուր հիմնարար արժեքների, փոխադարձ շահերի, պատասխանատվության, ներառականության վրա։
Որպես հարեւանության Եվրոպական քաղաքականության հատուկ ասպեկտ՝ մեր գործընկերությունը թույլ է տալիս մերձեցնել Եվրոպական միությանը եւ նրա արեւելաեվրոպական գործընկերներին։
Այն ուղղված է կայունության, բարգավաճման եւ փոխադարձ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաեւ անհրաժեշտ բարեփոխումներին եւ մեր առջեւ ծառացած գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերներին մեր հավատարմությունը առաջ մղելուն՝ ի շահ մեր բոլոր քաղաքացիների:
Մենք կապված ենք մեր հասարակություններում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հետագա ամրապնդման մեր ընդհանուր վճռականությամբ: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ներառյալ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները, ներառական հասարակությունների ստեղծումը, գենդերային հավասարության խթանումը եւ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի լիակատար հարգանքը մնում են մեր գործընկերության հիմնաքարերը եւ ընկած են մեր համատեղ աշխատանքի հիմքում:
Եվրամիությունը հավատարիմ է մնում իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության, բոլոր արեւելյան գործընկերների անկախության եւ ինքնիշխանության աջակցությանը, հարգելով եւ պահպանելով ՄԱԿ-ի կանոնադրությունում, 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ 1990 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակներն ու սկզբունքները, Փարիզի խարտիան, որ ընկած է խաղաղ եւ անբաժան Եվրոպայի մեր ընդհանուր տեսլականի հիմքում:
Մենք հաստատում ենք նախորդ գագաթաժողովներում եւ երկկողմ համաձայնագրերում ստանձնած մեր պարտավորությունները, ինչպես նաեւ դրանք առաջ տանելու մեր վճռականությունը։ Այդ ճանապարհին բարեփոխումների մեր հավակնոտ օրակարգը եւ ընդլայնված համագործակցությունը մնում են առաջընթացի եւ աջակցության անհրաժեշտ նախապայման. բարեկեցության բարձրացում եւ տարածաշրջանում խաղաղության, կայունության, ճկունության ամրապնդում, հատկապես COVID-19 համավարակի համատեքստում։
Մեր համագործակցությունն ու աջակցությունը հատկապես ուղղված են գլոբալ քաղաքականության հիմնական նպատակներին հասնելուն, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագիրը եւ մինչեւ 2030 թվականը ՄԱԿ-ի օրակարգը եւ դրա կայուն զարգացման ոլորտում նրա նպատակները:
Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանի շատ հատվածներում շարունակվող ապակայունացման եւ միջազգային իրավունքի սկզբունքների խախտումների առնչությամբ, որոնք վտանգ են ներկայացնում խաղաղության, անվտանգության եւ կայունության համար։ Մենք կոչ ենք անում նոր ջանքեր գործադրել՝ նպաստելու «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա։ Հակամարտությունների խաղաղ կարգավորումը, վստահության ձեւավորումը եւ բարիդրացիական հարաբերությունները կարեւոր են տնտեսական եւ սոցիալական զարգացման եւ համագործակցության համար:
Մենք ողջունում ենք ԵՄ-ի ջանքերը՝ ավելի շատ ներգրավվելու եւ դեր խաղալու հակամարտությունների կանխարգելման, հակամարտությունների կարգավորման, վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված ձեւաչափերի եւ բանակցային գործընթացների շրջանակներում կամ աջակցելու համար, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում տեղում ներկայության միջոցով:
Մեր համագործակցության շրջանակն ու խորությունը որոշվում են մեր համապատասխան համաձայնագրերով եւ կշարունակեն որոշվել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ գործընկերների հավակնություններով ու կարիքներով, ինչպես նաեւ բարեփոխումների տեմպերով եւ որակով:
Մենք գիտակցում ենք, որ ներկայացված պայմանների եւ խթանիչների վրա հիմնված ԵՄ-ի մոտեցումը («ավելին՝ էլ ավելիի դիմաց» եւ «ավելի քիչ՝ էլ ավելի քիչի դիմաց») կշարունակի օգուտ բերել այն գործընկերներին, որոնք ավելի շատ են մասնակցում բարեփոխումների իրականացման գործին:
Մենք հաստատում ենք յուրաքանչյուր գործընկերոջ ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու հավակնությունների եւ նպատակների մակարդակը, որին նա ձգտում է Եվրամիության հետ հարաբերություններում։ Մենք ընդգծում ենք, որ սա կառուցողական գործընկերություն է, որն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այլ կոչված է նպաստելու բոլոր հարեւան երկրների խաղաղությանն ու բարգավաճմանը։ «Արեւելյան գործընկերությունը» կմնա ներառական եւ ճկուն՝ թույլ տալով համատեղ լուծել ընդհանուր տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ավելի խորը ոլորտային համագործակցության եւ փոխանակումների միջոցով:
Այս առումով մենք ընդգծում ենք մեր հատուկ նպատակը՝ ընդլայնել եւ սատարել տարածաշրջանային համագործակցությունը «Արեւելյան գործընկերությունում», ներառյալ կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ամրապնդումը»,- ասվում է հռչակագրում։





























