ՀԱՊԿ-ի օրակարգում է Չինաստանի հետ երկխոսության եւ համագործակցության հաստատումը՝ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման նպատակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Չինաստանի հետ երկխոսության եւ համագործակցության հաստատման հարցը ՀԱՊԿ-ի օրակարգում է։ Մենք կարծում ենք, որ փոխգործակցությունը պետք է կառուցվի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաեւ ՀԱՊԿ կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինի հայտարարությունը, որն արվել է դեկտեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։ ՉԺՀ ղեկավարը հայտնել է Պեկինի մտադրությունը՝ շարունակելու ճկուն եւ բազմակողմ համագործակցությունը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ այլ երկրների հետ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։