Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն «ուղղակի եւ կարեւոր» դեր է խաղացել երկրի ընտրական գործընթացի մասին ապատեղեկատվություն տարածելու գործում՝ սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակումների միջոցով, ասվում է Reuters-ի տրամադրության տակ հայտնված ոստիկանության փաստաթղթում:
Ոստիկանության դաշնային կոմիսար Դենիս Ռիբեյրոն փաստաթղթում գրել է, որ Բոլսոնարուի ուղիղ հեռարձակումները «հստակ նպատակ» ունեին՝ մոլորեցնել բրազիլացիներին երկրում ընտրությունների արդարության վերաբերյալ։
Բոլսոնարոն բազմիցս հայտարարել է, որ էլեկտրոնային քվեարկության համակարգը կեղծվել է 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնցում նա հաղթել է։ Նա պնդում է, որ ինքը պետք է ընտրվեր քվեարկության առաջին փուլում, սակայն կեղծիքների մասին որեւէ ապացույց չի ներկայացրել։
Նա նաեւ կասկածի տակ է դրել հաջորդ տարվա ընտրությունների արդարությունը՝ ակնարկելով, որ կարող է չընդունել արդյունքները, եթե էլեկտրոնային համակարգը չփոխվի այնպիսի համակարգի, որը ներառում է տպագիր կտրոններ, որոնք հնարավոր է հաշվել: Բոլսոնարուն սոցիոլոգիական հարցումներով զիջում է նախկին ձախակողմյան նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային։
Ռիբեյրոն իր զեկույցում նշել է, որ ծայրահեղ աջ առաջնորդը կասկածի տակ է դնում մի շարք պետական ծառայողների գործողությունները, որոնք ներգրավված են ընտրական գործընթացում, ինչպես նաեւ քարոզում է ապատեղեկատվություն, որին աջակցում են իր պահպանողական կողմնակիցները։
«Այս հետաքննությունը մեզ թույլ տվեց պարզել, որ Նորին Գերազանցություն նախագահ Ժաիր Մեսիաս Բոլսոնարուն անմիջական եւ համապատասխան միջոցներ է ձեռնարկել ապատեղեկատվություն տարածելու համար՝ հետեւելով այլ կառավարությունների կողմից արդեն իսկ կիրառվող սխեմային», - ասել է նա:
Զեկույցն ուղարկվել է Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսին, ով հետաքննում է կեղծ լուրերը։
Դաշնային ոստիկանության հետաքննությունը սկսվել է օգոստոսին Բոլսոնարուի կողմից հեռարձակված տեսանյութից հետո, որում նա մի շարք հարցեր է բարձրացրել Բրազիլիայում 1996 թվականից ի վեր օգտագործվող էլեկտրոնային քվեարկության համակարգի անվտանգության վերաբերյալ:



























