Մոտ 700 գիտնականներ եւ ինժեներներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել նոր միջուկային քաղաքականության ակնարկի (NPR) մեջ ներառել հրթիռների եւ մարտագլխիկների զինանոցը կրճատելու մասշտաբային ծրագիր: Գիտնականների նամակը հրապարակել է New York Times-ը, փոխանցel է Գազետա.ռու-ն։
Նախագահին ուղղված դիմումը պատրաստել է «Ոչ անտարբեր գիտնականների միություն» (The Union of Concerned Scientists, UCS) հասարակական կազմակերպությունը։ Նամակը ստորագրել են մոտ 700 գիտնականներ, այդ թվում՝ 21 Նոբելյան մրցանակակիրներ եւ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի 69 անդամներ։
«Ամբողջ աշխարհում միջուկային զենքերի առատության պատճառով մեր գոյությանը սպառնացող շարունակական սպառնալիքը կարող է վերացվել միայն դրանք էապես նվազեցնելով եւ ի վերջո վերացնելով», - ասել է ֆիզիկայի 1990թ. Նոբելյան մրցանակակիր Ջերոմ Ֆրիդմանը:
Վաշինգտոնում UCS-ի ներկայացուցիչ եւ Գլոբալ անվտանգության ծրագրի տնօրենի պաշտոնակատար Սթիվեն Յանգը կարծում է, որ աշխարհը Սառը պատերազմից հետո այժմ գտնվում է իր ամենավտանգավոր ժամանակաշրջանում:
Այս տարվա հուլիսի դրությամբ ԱՄՆ-ում տեղակայվել է 1357 միջուկային զենք։ Գիտնականների կարծիքով՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք՝ 2009-2017 թվականներին, որոշվել է, որ երկիրը պաշտպանելու համար զենքի հազարից պակաս միավորը բավական կլինի։



























