Պետդեպարտամենտը պնդում է, որ Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) ԱՄՆ-ի դիտորդի կարգավիճակի երկարաձգումը։ Այս վարկածն ուրբաթ առաջ է քաշել ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Մենք խորապես հիասթափված ենք Ռուսաստանի Դաշնության գործողություններից՝ արգելափակելու մեր դիտորդի կարգավիճակի երկարաձգումը։ Ռուսաստանի գործողությունները հակասում են տարածաշրջանում լարվածությունը դիվանագիտական ճանապարհով նվազեցնելու նրա հայտարարած նպատակին»,- գրել է նա Twitter-ում։ Փրայսը այլ մանրամասներ չի հայտնել:
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը նաեւ նշել է, որ «ԱՄՆ-ն հաստատապես հավատում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաջադրանքին»։ «Մենք կշարունակենք սերտորեն աշխատել մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ տարածաշրջանի տնտեսությունը զարգացնելու, կլիմայի փոփոխության հետեւանքները հաղթահարելու եւ էներգետիկ անվտանգության ապահովման նորարարությունների ներդրման համար», - վստահեցրել է նա։
ՍՏՀԿ-ն տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություն է, որը ներառում է տարածաշրջանի 13 երկրներ (Ռուսաստան, Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Ռումինիա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա, Խորվաթիա)՝ նպատակ ունենալով ամրապնդել փոխշահավետ բարիդրացիական հարաբերությունները սոցիալ-տնտեսական օրակարգի ողջ սպեկտրով եւ պայմաններ ստեղծել կայուն զարգացման ոլորտում գործնական խնդիրների իրականացման համար:



























