Հինգաստղանի Kempinski Floating Palace շքեղ լողացող հյուրանոցը Դուբայում կբացվի 2023թ., տեղեկացնում է «Моя планета» պորտալը՝ հղում կատարելով Kempinski մամուլի ծառայությանը։ Այն կառուցելու է Seagate Shipyard ընկերությունը։
Հյուրանոցը կունենա շարժիչներով վիլլաներ՝ միացված բարձրացվող կամուրջներով։ Վիլլաները կարող են տեղից տեղ տեղափոխվել, յուրաքանչյուրն ունենալու է սեփական պեյզաժով լողավազան։ Լողացող պալատը խարիսխ կնետի Դուբայի Ջումեյր լողափի կողքին։
Հյուրանոցի գլխավոր շենքը բաժանվելու է չորս մասի՝ կենտրոնում միացած ապակե բուրգով։ Շենքում է լինելու «հինգաստղանի հյուրանոցի ողջ շքեղությունը՝ համադամասերների էքսկլյուզիվ ռեստորաններից, բարերից, սպա սրահից եւ լողավազաններից մինչեւ բութիկներ եւ խնջույքի սրահներ»։
Հյուրանոցի տարածքում կտեղակայվեն նավամատույցներ զբոսանավերի համար։ Հյուրանոցի շուրջ կլինի 12 վիլլա՝ մասնավոր նավապետերի կառավարմամբ։ Վիլլաները լինելու են երկհարկանի, մեկ կամ չորս ննջասենյակներով, ինչպես նաեւ մասնավոր սանդղավանակով տանիքի վրա եւ լողավազանով։ Դրանք կունենան նաեւ «մեծ համայնապատկերային պատուհաններ եւ խելացի տան տեխնիկական սարքեր»։
Վիլլաները նախագծվելու են էկոլոգիական պահանջների հաշվառմամբ եւ ունենալու են արեւային մարտկոցներ։ Յուրաքանչյուր օբյեկտ հասանելի կլինի վաճառքի կամ վարձակալման համար։ Բացի վիլլաներից, հյուրանոցը կունենա 156 սովորական համարներ։ Հյուրերը կկարողանան հյուրանոց գալ արագընթաց նավակներով կամ սեփական զբոսանավով։



























