Ամերիկյան ռազմական ղեկավարությունը չի հրապարակել վերջին մի քանի տարիների ընթացքում Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանստանում ավիահարվածների հետեւանքով խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում մեծ թվով զոհերի մասին տվյալները։ Ինչպես շաբաթ գրում The New York Times թերթը, որի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ պաշտպանության նախարարության ավելի քան 1.3 հազար ներքին փաստաթուղթ, Պենտագոնի ղեկավարությունը այդ միջադեպերի լիարժեք հետաքննություն չի իրականացրել եւ միջոցներ չի ձեռնարկել դրանք ապագայում կանխելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պարբերականը նշում է, որ Պենտագոնի պաշտոնական վիճակագրության համաձայն, Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին հարվածների ժամանակ 2014 թվականից ի վեր սպանվել է 1417 խաղաղ բնակիչ, եւս 188 խաղաղ բնակիչ մահացել է Աֆղանստանում ամերիկյան ավիահարվածների հետեւանքով 2018-ի ընթացքում: Սակայն հրապարակման լրագրողների վերլուծած նյութերը վկայում են այն մասին, որ խաղաղ բնակչության շրջանում «հարյուրավոր զոհեր» պարզապես չեն գրանցվել։ Ընդ որում, դրանց ստույգ թիվը ներկայումս հնարավոր չէ պարզել, խոստովանում է թերթը։
Ըստ The New York Times-ի, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի պատճառ է դարձել այն, որ զինվորականները, երբ պատրաստվում էին հարվածներ հասցնել, սխալ էին գնահատում իրավիճակը տեղում՝ շփոթելով խաղաղ բնակիչներին ահաբեկիչների հետ: Շատ դեպքերում ԱՄՆ զինվորական անձնակազմը չի մտածել, որ շենքերում կարող են քաղաքացիական անձինք գտնվել, որոնք, նրանց գնահատականներով, զինյալներ էին զբաղեցնում: Բացի այդ, մի շարք դեպքերում, հարվածից առաջ օդային կադրերը վերլուծելիս, ԱՄՆ զինվորականները ղեկավարությանը չեն տեղեկացրել, որ ահաբեկիչների թվում կարող են լինել խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Միեւնույն ժամանակ, ըստ The New York Times-ի, հաճախ հարվածի նախապատրաստման ընթացքում օդային կադրերի որակն ու քանակը թույլ չէր տալիս լիովին պարզել` արդյոք քաղաքացիական բնակչության ներկայացուցիչները գտնվում են այդ տարածքում, թե ոչ:
Պարբերականն ընդգծում է, որ Պենտագոնի ղեկավարությունը միայն սակավաթիվ դեպքերում է հրապարակել քաղաքացիական բնակչության շրջանում հնարավոր զոհերի գնահատականները։ Ընդ որույմ, ներքին վարույթները հազվադեպ են որեւէ փոփոխություն ենթադրել ապագա հարվածների նախապատրաստման մեջ եւ երբեք զինվորական անձնակազմի նկատմամբ կարգապահական վարույթների չեն հանգեցրել: Լիարժեք հետաքննություն առաջարկվել է օդային հարձակումների ընդհանուր թվի միայն 12 տոկոսի համար, որոնց ժամանակ խաղաղ բնակիչներ կարող էին զոհվել, ընդ որում, դրանցից շատերը հիմնվել են «թերի կամ սխալ» ապացույցների վրա եւ դադարեցվել են: Վարույթի արդյունքում միայն «տասը դեպքից պակաս դեպքերում» է ամերիկյան ղեկավարությունը փոխհատուցում վճարել զոհերի եւ վիրավորների ընտանիքներին։
ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը, The New York Times-ի հարցմանն ի պատասխան, ասել է, որ «նույնիսկ աշխարհի լավագույն տեխնոլոգիաների դեպքում սխալներ են տեղի ունենում թերի տեղեկատվության կամ սխալ մեկնաբանության պատճառով»: «Մենք հետաքննում ենք յուրաքանչյուր արժանահավատ գործ եւ ցավում ենք կորցրած յուրաքանչյուր անմեղ կյանքի համար»,- ասել է Ուրբանը:



























