Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը երկուշաբթի օրը հաստատել է 2021 ֆինանսական տարվա (ավարտվում է 2022 թվականի մարտի 31-ին) 36 տրիլիոն իեն (314 միլիարդ դոլար) լրացուցիչ բյուջեն, հայտնում է Kyodo-ն։
Ակնկալվում է, որ դրանից ստացված միջոցները կուղղվեն համավարակի հետեւանքով տուժած տնտեսությանը եւ բնակչությանն աջակցելու միջոցառումների փաթեթին, այդ թվում` անհատական վճարներին մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։
Դեկտեմբերի 15-ին լրացուցիչ բյուջեն հաստատվել է խորհրդարանի առանցքային ստորին պալատի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ճապոնիայի կառավարությունը՝ վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ, նոյեմբերին հաստատել էր համավարակի ժամանակ երկրի տնտեսությանն ու բնակչությանն աջակցելու միջոցառումների նոր փաթեթը՝ մոտ 78.9 տրիլիոն իենի (ընթացիկ փոխարժեքով` 691.5 միլիարդ դոլար) չափով:
Իշխանությունները բյուջեից 55.7 տրլն իեն (488.2 մլրդ դոլար) կհատկացնեն։ Մնացած միջոցները՝ մոտ 23.2 տրլն իենի (203.3 մլրդ դոլար) չափով մասնավոր ներդրումներ են։ Փաթեթի ծավալը գրեթե կրկնապատկել է տնտեսագետների սպասումները։




























