Տիեզերական տուրիզմը աստիճանաբար թափ է հավաքում։ Տիեզերական զբոսաշրջային մրցավազքին տոն են տալիս աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ Ջեֆ Բեզոսը, Իլոն Մասկը եւ Ռիչարդ Բրենսոնը։ Եվ չնայած ներկա պահին այդ հաճույքը բնավ էժաններից չէ եւ այն կարող են իրենց թույլ տալ մարդիկ, որոնց հաշիվը բանկում առնվազն ինը զրո ունի, շատ վերլուծաբաններ կարծում են, որ սարերի հետեւում չեն այն ժամանակները, երբ նման ճամփորդություն կկարողանան իրականացնել նաեւ այսպես ասած «հասարակ մահկանացուները»։
2021թ. Բեզոսը եւ Բրենսոնը անձամբ մոտեցել են տիեզերքի սահմանին, եւ չնայած նրանց թռիչքները տեւել են մեկ ժամից մի փոքր ավելի կամ մոտ մեկ ժամ, նրանք լի են վճռականությամբ՝ նման շրջագայությունները մշտական դարձնելու, իսկ ավելի հավակնոտ նախագծերով եւ երկարաժամկետ հեռանկարում մարդկանց ուղարկել Լուսին եւ Մարս։
Իլոն Մասկի SpaceX-ը տիեզերք է ուղարկել առաջին քաղաքացիական անձնակազմը, իսկ ճապոնացի հայտնի մագնատը դարձել է 12 տարվա մեջ առաջին տուրիստը, որը թռել է տիեզերք ռուսական «Սոյուզ» տիեզերանավով։
Ռիչարդ Բրենսոն
Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը հուլիսի 11-ին թռիչք կատարեց դեպի տիեզերքի սահման՝ իրականացնելով իր ամբողջ կյանքի գլխավոր երազանքը։
Նրա Virgin Galactic ընկերության Unity հրթիռագնացը հասավ 90 կիլոմետր բարձրության, որտեղ երկինքը դառնում է սեւ, իսկ Երկրի հորիզոնն աղավաղվում է։ Այդ բարձրությունում մի քանի րոպե մնալով, որպեսզի անձնակազմը հիանա Երկրի տեսքով, սարքն սկսեց իջնել։
Թռիքչը մեկնարկել էր ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի անապատից։ Այն տեւել է մոտ մեկ ժամ։ Վայրէջքից հետո Բրենսոնը թռիչքն անվանել է «արտակարգ փորձ»։ Բրենսոնին ուղեկցում էր հինգ մարդուց բաղկացած թիմը։ Նրա խոսքով՝ նա ցանկանում էր անձամբ ունենալ այդ փորձը՝ մինչ հրթիռագնացը կսկսեր տիեզերքի սահման հասցնել զբոսաշրջիկների։ Unity-ի առաջին կոմերցիոն թռիչքը նախատեսված է եկող տարի։
70-ամյա գործարարը առաջին անգամ հրթիռագնաց կառուցելու մտադրության մասին հայտարարել էր դեռեւս 2004թ., երբ հիմնել էր Virgin Galactic ընկերությունը։ Բրենսոնն այն ժամանակ հույս ուներ, որ կկարողանա զբոսաշրջիկներ տանել տիեզերք արդեն 2007թ.։
Ջեֆ Բեզոս
Բեզոսը հուլիսի 20-ին կատարեց 11 րոպեանոց թռիչք դեպի տիեզերք եւ հակառակը New Shepard սարքով, որը հասավ 107 կիլոմետր բարձրության, ինչը թույլ տվեց ուղեւորներին զգալ անկշռությունը՝ հիանալով Երկրի թեքությամբ։ Վերադառնալուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Բեզոսը շնորհակալություն հայտնեց Amazon-ի բոլոր աշխատակիցներին եւ հաճախորդներին Blue Origin թռիչքի ֆինանսավորման համար։
«Ես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Amazon-ի յուրաքանչյուր աշխատակցին եւ յուրաքանչյուր հաճախորդին, որովհետեւ դուք, տղերք, վճարեցիք այս ամենի համար։ Շնորհակալություն ամբողջ սրտով»»,- ասել է Բեզոսը։
Երբ նրան հարցրել են, թե կթռչի արդյոք նորից, Բեզոսը պատասխանել է. «Գրողը տանի, այո։ Ե՞րբ կարող ես լիցքավորել սա։ Կթռչենք»։
MSNBC News-ի հարցազրույցում Բեզոսն ասել էր, որ իրենց տիեզերական թռիչքը մեծ նշանակություն ունեցավ ապագա սերունդների տիեզերական ճամփորդությունները կարգավորելու համար։ Նա նաեւ նշել է, որ սա հիշատակում է Երկիր մոլորակի փխրունության մասին։ «Մենք պետք է դեպի տիեզերք ճանապարհ բացենք, որպեսզի մեր երեխաները եւ նրանց երեխաները կարողանան կառուցել ապագան... Մենք պետք է մեր շրջակա միջավայրն աղտոտող ամբողջ արդյունաբերությունը տեղափոխենք տիեզերք եւ պահպանենք Երկիրը»,- ասել է Բեզոսը։ «Դրա համար տասնամյակներ ու տասնամյակներ կպահանջվեն, բայց պետք է սկսել»,- ավելացրել է նա։
Հոկտեմբերին Blue Origin-ը տիեզերք ուղարկեց եւս մեկ թիմ, որի կազմում էր Հոլիվուդի կանադական ծագմամբ դերասան Ուիլյամ Շեթները՝ «Աստղային ուղի» («Star Trek») լեգենդար գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի աստղը։
Դերասանը ամենատարեց մարդն է, որ եղել է տիեզերքում։ Թռիչքի կառավարման կետում ասել էին, որ թռիչքն ըստ պլանի է անցել, պարկուճը աստղագնացներին սովորական կարգով իջեցրել է Տեխասում։ Տեղեկացվել է, որ թռիչքի բոլոր մասնակիցներն իրենց նորմալ են զգում։
Վայրէջքից հետո Շեթները պարկուճը դիմավորող եւ դիտահորը բացող Բեզոսին ասել էր. «Դուք ինձ նվիրեցիք ամենախոր ապրումներ... Ես լի եմ հույզերով»։ Մինչեւ թռիչքի մեկնարկը դերասանը ազնվորեն խոստովանել էր, որ մի փոքր վախեցած է գալիք փորձությունից։
Շեթների թռիչքը տեւել է մոտ 10 րոպե։ New Shepard նավասարքը բարձրացել էր 100 կիլոմետրից մի փոքր ավելի, որը շատերը համարում են տիեզերքի հետ սահման։ Կարճ ժամանակաընթացքում անձնակազմն ունեցել է անկշռության զգացում եւ տեսել Երկրի կլորավուն ուրվագծերը։
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, Virgin Galactic-ի Ռիչարդ Բրենսոնին եւ «Աստղային ուղի» հեռուստասերիալի դերասան Ուիլյամ Շեթներին աստղագնացներ է ճանաչել։
SpaceX
SpaceX-ի առաջին ամբողջովին քաղաքացիական անձնակազմը սեպտեմբերի 19-ին երեք օր տիեզերքում մնալուց հետո հաջողությամբ վերադարձավ Երկիր: Իլոն Մասկի տիեզերական ընկերության կողմից ստեղծված Crew Dragon տիեզերանավի Resilience պարկուճը իջավ Ատլանտյան օվկիանոսում, Ֆլորիդայի ափերի մոտ։
Առաքելությունը, որը կոչվում է Inspiration4, առաջին ուղեծրային արձակումն էր, որի անձնակազմում ոչ մի պրոֆեսիոնալ տիեզերագնաց չկար:
Տիեզերական զբոսաշրջիկների թիմը գլխավորել է Shift4 Payments վճարային ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը: Նա վճարել է իր եւ երեք այլ ուղեկիցների՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան Քրիս Զեմբրոսկիի, երկրաբան գիտնական Շիան Պրոկտորի եւ բժշկի օգնական Հեյլի Արսենոյի թռիչքի համար:
Թռիչքի ընթացքում զբոսաշրջիկները բարձրացել են Երկրից 575 կմ բարձրությամբ՝ Միջազգային տիեզերակայանի (420 կմ) եւ «Հաբլ» աստղադիտակի (540 կմ) ուղեծրերից վեր։ Այս բարձրության վրա Crew Dragon-ը 90 րոպեն մեկ պտտվել է Երկրի շուրջը՝ մոտ 27 360 կմ/ժ արագությամբ, ինչը մոտ 22 անգամ գերազանցում է ձայնի արագությունը:
Ռուսաստանը 12 տարվա մեջ առաջին անգամ զբոսաշրջիկներ է ուղարկել տիեզերք

Ռուսաստանը դեկտեմբերի 8-ին 12 տարվա մեջ առաջին անգամ զբոսաշրջիկներ ուղարկեց տիեզերք։ «Սոյուզ ՄՍ-20» տիեզերանավում էին եղել ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը, ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան եւ նրա օգնական Յոզո Հիրանոն:
«Սոյուզ-2.1ա» հրթիռը տիեզերանավով արձակվել է Բայկոնուրից՝ Մոսկվայի ժամանակով 10:38-ին, ինը րոպե անց այն ուղեծիր է դուրս եկել եւ մեկնել է ՄՏԿ։
Մաեձավան եւ Հիրանոն դարձել են 12 տարվա ընթացքում առաջին զբոսաշրջիկները, ովքեր տիեզերք են թռել ռուսական տիեզերանավով։ Նրանք կմասնակցեն գիտահետազոտական համալիրի գիտական ծրագրին։ Համացանցից օգտվողների խնդրանքով ճապոնացիները կկատարեն առաջադրանքները եւ ամեն ինչ տեսախցիկով կնկարահանեն:
Դեկտեմբերի 20-ին ճապոնացի զբոսաշրջիկները վերադարձել են Երկիր։ Ուղեծրային տիեզերական ֆորպոստից ուղիղ եթերով Associated Press-ին տված հարցազրույցում միլիարդատեր Մաեձավան ասել է, որ թեեւ ինքը թռիչքից առաջ պատկերացնում էր, թե որն է լինելու իր առաքելությունը, բայց ապշել է իրականությունից: «Տիեզերքում հայտնվելով՝ հասկանում ես, որ արժեր ունենալ այս զարմանալի փորձը»,- կայան ժամանելուց հետո AP-ին իր առաջին հարցազրույցում ասել է նա: «Եւ ես հավատում եմ, որ այս զարմանալի փորձը մեկ այլ բանի կհանգեցնի»։
Երբ նրան հարցրել են այն հաղորդագրությունների մասին, որոնք պնդում են, որ նա ավելի քան 80 միլիոն դոլար է վճարել 12-օրյա առաքելության համար, Մաեձավան պատասխանել է, որ չի կարող բացահայտել պայմանագրի գումարը, բայց խոստովանել է, որ «բավական շատ» է վճարել:
Նա խոստովանել է, որ այսօր տիեզերական զբոսաշրջություն կարող են իրենց թույլ տալ գերհարուստները, բայց հավելել է, որ նրանք, ովքեր մեկնում են տիեզերական ճանապարհորդության պետք է պատրաստ լինեն այլ մարտահրավերների: «Այո, դա դեռեւս բավական թանկ է, բայց խոսքը միայն փողի մասին չէ»,- ասել է նա: «Ձեր օրգանիզմին ժամանակ է պետք այս միջավայրին հարմարվելու համար, իսկ արտակարգ իրավիճակներին պատրաստվելը առնվազն մի քանի ամիս է տեւում: Այնպես որ, ճիշտն ասած, դա հասանելի է միայն նրանց, ովքեր ունեն ժամանակ եւ լավ մարզավիճակ, եւ նրանց, ովքեր կարող են դա թույլ տալ իրենց: Բայց մենք չգիտենք, թե արդյոք դա այդպես կլինի 10, 20 տարի հետո»:
Որքա՞ն արժե տիեզերական հաճույքը
Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավում մեկ տեղի արժեքը կազմել է 28 միլիոն դոլար:ՆԱՍԱ-ի զեկույցի համաձայն՝ SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով թռիչքի արժեքը ավելի թանկ է՝ մոտ 55 միլիոն դոլար մեկ տեղի համար:
Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերության մերձուղեծրային տիեզերանավով թռիչքը վերջերս արժեցել է 250 000 դոլար, բայց 2021 թվականի հուլիսին հաջող թռիչքից հետո գինը բարձրացել է մինչեւ մեկ տեղի համար 450 000 դոլարի:
Ըստ РБК-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի, Forbes-ի, BBC-ի, «Լենտա»-ի, NEWS.am-ի նյութերի։





























