Էկվադորի իշխանությունները COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում են սահմանել։ Կառավարությունում նշել են, որ բացառություններ կարվեն այն մարդկանց համար, ում համար պատվաստանյութը կարող է անվտանգ չլինել, եւ 5 եւ դրանից բարձր տարիքի մյուս բոլոր Էկվադորցիները պետք է պատվաստվեն:
Էկվադորի առողջապահության նախարար Քսիմենա Գարսոնը մտահոգություն է հայտնել օմիկրոնի տարածման հետ կապված։ Պատվաստումները խրախուսելու համար Սուրբ Ծննդյան ընթացքում 24 ժամ բաց կլինեն բժշկական կենտրոնները։
Ըստ Reuters-ի՝ 5 տարեկանից բարձր տարիքի Էկվադորի բնակչության մոտավորապես 77 տոկոսը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ։ Էկվադորի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է այս տարի պատվաստել իր բնակչության 85 տոկոսին:
Նման պահանջներ են ընդունել Ինդոնեզիան, Միկրոնեզիան, Թուրքմենստանը եւ Տաջիկստանը, եւ ակնկալվում է, որ հաջորդ տարի դա կանեն Գերմանիան եւ Ավստրիան։
Համաճարակի սկզբից ի վեր Էկվադորը հաստատել է ավելի քան 538 000 վարակման եւ ավելի քան 33 000 մահվան դեպք՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների:





























