Վրաստանում սկզբունքորեն այլատյացություն չկա, բայց կենցաղային մակարդակում կա որոշ մրցակցություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլին «Կոմերսանտին» տված հարցազրույցում:
«Այո, հենց կենցաղային մակարդակում: Եւ հայերի մասին անեկդոտների մեծ մասը թշնամական չեն, բայց հաստատում են մրցակցության փաստը: 30 դար մենք հայերի հետ կողք կողքի ենք ապրում, բնականաբար ստիպված ենք ինչ-որ կերպ յոլա գնալ: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ, որքան Վրաստանի արտաքին քաղաքական սպառնալիքները: Ցանկացած օրենքի ընդունում, հատկապես նման զգայուն հարցերում, պետք է հավասարակշռված եւ մտածված լինի: Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը բարդ հարաբերություններ ունեն: Հայաստանին արված լրջագույն զիջումները կարող են Ադրբեջանում ցավոտ ընդունվել: Ուստի պետք չէ մոռանալ աշխարհաքաղաքական գործոնների մասին»,- նկատել է գործիչը:
Նրա խոսքով, քաղաքացիական ու կրոնական խաղաղություն է հարկավոր Վրաստանում: Վրաստանի շուրջ Թուրքիան է, Ադրբեջանը, Հայաստանը, Հյուսիսային Կովկասը: «Կրոնական բախումների բազմաթիվ հնարավորություններ կան, ուստի վրացական պետությունը պարտավոր է շատ զգույշ լինել ու հարցը մինչեւ վերջ ուսումնասիրել»,- նկատել է Բերձենիշվիլին:
Հարցին, թե ինչո՞ւմն է հայկական եւ վրացական եկեղեցիների հակամարտության էությունը, քաղաքական գործիչը պատասխանել է, որ Վրաստանի տարածքում կան մի շարք հայկական եկեղեցիներ, որոնք դեռ գտնվում են պատրիարքության սեփականության ներքո: Կա նաեւ գործող հայկական եկեղեցի: Կան եկեղեցիներ, որոնք դեռ չեն հանձնվել Հայ առաքելական եկեղեցուն: «Խնդիրն այն է, որ եկեղեցին մի ժամանակ առաքելական է եղել հետո` ուղղափառ, հետո` առաքելական: Նման խնդիրներ կան նաեւ կաթոլիկների հետ: Լավ կլիներ, որ վրացական եւ հայկական եկեղեցիները հանգեին նրան, թե որ եկեղեցիները վերադարձնեին կամ հանձնեին: Բայց առայժմ այդ որոշումը չի կայացվել»:
Բերձենիշվիլին հայտարարել է, թե Հայաստանի հյուսիսային հատվածում կան եկեղեցիներ, որոնց վրա վրացերեն գրառումներ կան: «Հայերն ասում են, որ այդ եկեղեցիները պատկանել են ուղղափառ հայերին: Անկախ նրանից, թե ում են պատկանել ուղղափառ հայերին, թե վրացիներին, նրանք Վրաց ուղղափառ եկեղեցու հոտն են եղել: Ուստի երբ հայկական կողմը հետ է ուզում իր եկեղեցիները, վրացական կողմը փոխարենն առաջարկում է վերադարձնել այն մի քանի եկեղեցիները, որոնց մասին չի կարելի ասել, թե վրացական չեն: Բայց նրանք էլ խնդիրներ ունեն: Այժմ այդ եկեղեցիները Հայ առաքելական եկեղեցու մաս են, գործող եկեղեցիներ»,- նշել է Բերձենիշվիլին:




























