Իսրայելի երկու նախկին վարչապետները հանդիպել են Թել Ավիվի մագիստրատուրայի դատարանում՝ Նեթանյահուի ընտանիքի՝ Էհուդ Օլմերտի դեմ զրպարտության գործով, գրում է The Times of Israel-ը։
Ներկա են եղել Օլմերտը եւ նրա փաստաբանը, ինչպես նաեւ Բենիամին եւ Սառա Նեթանյահուները, նրանց որդին՝ Յաիրը եւ նրանց փաստաբանը։
Մայիսին Նեթանյահուի ընտանիքը զրպարտության հայց էր ներկայացրել Օլմերտի դեմ՝ այն բանի համար, որ նա նախկին վարչապետին, նրա կնոջը՝ Սառային, եւ ավագ որդուն՝ Յաիրին, «հոգեկան հիվանդ» էր անվանել։
Հայցը պահանջում է 837 000 շեկել (մոտ 257 000 ԱՄՆ դոլար)՝ որպես «խանդի եւ խորը հիասթափության պատճառով իրենց բարի անունը հասարակության մեջ վնասելու Օլմերտի մոլուցքային փորձերի համար» փոխհատուցում։
Հանդիպումն ավարտվել է նրանով, որ կողմերը հրաժարվել են փոխզիջման գնալ՝ չնայած դատավորի հորդորներին։ Ինչ-որ պահի, կարծես թե Օլմերտը պատրաստ էր ներողություն խնդրել իր մեկնաբանությունների համար, բայց հետո հրաժարվել է, երբ նրան խնդրել են «փոխհատուցման» չափ սահմանել: Այսպիսով, գործը կշարունակվի դատարանում։




























