ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում մինչեւ իրավիճակի ամբողջական կայունացումը, հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ եւ 4-րդ հոդվածների համաձայն։ Նրանք կմնան Ղազախստանում մինչեւ իրավիճակի ամբողջական կայունացումը։ Ուզում եմ ընդգծել, որ նրանք ռազմական գործողությունների չեն մասնակցում։ Նրանց հիմնական խնդիրն է ապահովել ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը Ալմաթիում եւ Ղազախստանի մայրաքաղաքում»,- նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
Տոկաեւը տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն անվանել է «աննախադեպ ագրեսիա եւ պետականության դեմ ոտնձգություն»։ Նա հավելել է, որ «ահաբեկիչների բռնի գործողությունները հանգեցրել են բազմաթիվ զոհերի՝ իրավապահների եւ քաղաքացիական անձանց շրջանում, վնասվել է մոտ 1300 օբյեկտ, հարձակումներ են տեղի ունեցել ավելի քան 100 առեւտրի կենտրոնների եւ բանկերի վրա, հրկիզվել է մոտ 500 ոստիկանական մեքենա»։ Ըստ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի՝ պետությանը հասցված նախնական տնտեսական վնասը կարող է 2-3 միլիարդ դոլար կազմել։
«Ես որեւէ կասկած չունեմ, որ դա ահաբեկչություն էր։ Ղազախստանի դեմ լավ կազմակերպված եւ լավ պատրաստված ագրեսիայի ակտ՝ օտարերկրյա զինյալների մասնակցությամբ, հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրներից, այդ թվում՝ Աֆղանստանից։ Կային նաեւ մարտիկներ Մերձավոր Արեւելքից։ Գաղափարը կայանում էր նրանում, որ մեր տարածքում վերահսկվող քաոսի գոտի ձեւավորվի իշխանության հետագա զավթմամբ։ Ուստի Ղազախստանում հակաահաբեկչական գործողություն սկսվեց»,- նշել է նա։





























