Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում հասել է 80 430-ի, ինչը համավարակի ընթացքում հերթական առավելագույն թիվն է։ Այս մասին վկայում են չորեքշաբթի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի առողջապահության նախարարությանը) հրապարակած տվյալները։

Նախորդ հակառեկորդը գրանցվել էր նոյեմբերի 25-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել էր վարակման 75 961 դեպք։ Համաճարակի սկզբից վարակը հայտնաբերվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության 7 661 811 բնակչի մոտ։ Կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքներից երկրում 24 ժամում մահացել է 384 պացիենտ։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը Գերմանիայում համավարակի ընթացքում հասել է 114 735-ի։ 83,2 մլն բնակչություն ունեցող երկրում ապաքինվել է ավելի քան 6,2 մլն մարդ։

Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչության հատուկ գնահատման նախնական արդյունքների համաձայն՝ Գերմանիայում մահացության տարեկան ցուցանիշը առաջին անգամ 1946 թվականից հետո գերազանցել է 1 մլն մարդը եւ կազմել 1 016 899։ Մահացության ցուցանիշի այսքան մեծ բացարձակ մեծությունը բացատրվում է երկրի՝ 20-րդ դարասկզբի կեսի համեմատ բնակչության թվաքանակի եւ նրա կազմում տարեց մարդկանց բաժնի ավելացմամբ։ Ինչպես երեւում է գերատեսչության նյութերից, մահացածների տարեկան թվի աճի պատճառներից մեկը համավարակն է. 2019-2021թթ. մահացության աճը կազմել է մոտ 8 տոկոս՝ 2-4 անգամ գերազանցելով փորձագետների կանխատեսումները։