Ուկրաինայի հարցում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ տարաձայնությունները հեշտ չի լինի հաղթահարել, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում երկու տարվա ընթացքում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի առաջին նիստից հետո։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ Ռուսաստանի միջեւ զգալի տարաձայնություններ կան»,- բանակցություններից հետո լրագրողներին ասել է նա։ «Մեր տարաձայնությունները հաղթահարելը հեշտ չի լինի, բայց այն փաստը, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները եւ Ռուսաստանը նստեցին մի սեղանի շուրջ եւ քննարկեցին կարեւոր թեմաներ, դրական նշան է»,- ասել է նա, հաղորդում է AP-ն:

Նա ընդգծել է, որ Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն որոշել անվտանգության իր ապագա միջոցները, եւ որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր դռները բաց թողնել նոր անդամների համար։ «Ուրիշ բան չկա որեւէ մեկին ասելու, եւ, իհարկե, Ռուսաստանը վետոյի իրավունք չունի»,- նշել է նա։

Սթոլթենբերգն ասել է, որ դաշինքը եւ Ռուսաստանը պայմանավորվել են փորձել լրացուցիչ հանդիպումներ անցկացնել: Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ «հայտնել են երկխոսության եւ հետագա հանդիպումների ժամանակացույցի ուսումնասիրության անհրաժեշտությունը»։

«Հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ն հստակ հասկացրեց, որ մենք պատրաստ ենք ծրագրել հանդիպումների շարք տարբեր թեմաների շուրջ, ներառյալ հրթիռները եւ Եվրոպայում փոխադարձ ստուգելի հրթիռների սահմանափակումները», - ասել է Սթոլթենբերգը: «Ռուսական կողմը հասկացրեց, որ պատրաստ չէ»,- ասել է նա։ Սակայն Սթոլթենբերգը հայտարարել է, որ երկու կողմերն էլ անկեղծ եւ բաց քննարկում են ունեցել հարցերի լայն շրջանակի շուրջ, եւ հանդիպումը շահավետ է եղել, հայտնում է Reuters-ը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, բայց իր հիմնական սկզբունքների շուրջ փոխզիջումների չի գնա։ «ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են երկխոսության գնալ Ռուսաստանի հետ, բայց մենք փոխզիջումների չենք գնա հիմնական սկզբունքների շուրջ, մենք փոխզիջումների չենք գնա Եվրոպայի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում»,- ասել է Սթոլթենբերգը։ Նույնը վերաբերում է յուրաքանչյուր երկրի՝ իր անվտանգության մեխանիզմներն ընտրելու իրավունքին, հավելել է նա՝ կրկին մերժելով ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի պահանջները, որպեսզի Ուկրաինան չունենա անդամակցության հեռանկար:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստը մոտ չորս ժամ է տեւել։

ՌՆԽ հանդիպումը դարձավ Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ եվրոպական անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկների շուրջ խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլը՝ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Ժնեւում հունվարի 10-ին, երրորդ փուլը՝ ԵԱՀԿ շրջանակներում, տեղի կունենա Վիեննայում՝ հունվարի 13-ին։ Բրյուսելում ռուսական պատվիրակությունը գլխավորում են ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն եւ ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ ՆԱՏՕ-ի կողմից բանակցություններին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը, դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Բրյուսելում դաշինքի 30 պետությունների մշտական ներկայացուցիչները։

Անվտանգության ոլորտում Ռուսաստանի պահանջներն հասցեագրված են ԱՄՆ-ին եւ եվրոպական պետություններին, Մոսկվան դրանք չի ուղարկել այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են Եվրամիությունը (ԵՄ) եւ ՆԱՏՕ-ն։ Ամենապարզեցված ձեւով Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հանգում է երեք կետի՝ ամերիկյան միջուկային զենքի դուրսբերում Եվրոպայից, ՆԱՏՕ-ի սովորական ռազմական ուժերի տեղակայման դադարեցում Ռուսաստանի սահմանների մոտ եւ այնտեղ ռազմական ենթակառուցվածքի ստեղծում, Ուկրաինան եւ Վրաստանը դաշինքում ներգրավելու ՆԱՏՕ-ի ծրագրերից պաշտոնական հրաժարում:

Դա, ըստ Մոսկվայի, կօգնի շտկել Եվրոպայում անվտանգության լուրջ անհավասարակշռությունը, որն առաջացել է Խորհրդային Միության եւ Վարշավայի պայմանագրի կազմակերպության փլուզումից հետո։ Սա զգալիորեն կթուլացնի ռազմական ու քաղաքական լարվածությունը եւ կվերադառնա այն հիմնական սկզբունքին, որը ստորագրվել է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների կողմից 1999թ. Ստամբուլի գագաթնաժողովում, որ մի պետության կամ երկրների խմբի անվտանգությունը չի կարող ապահովվել մյուս պետությունների անվտանգության հաշվին։