Եգիպտոսի Ասուան քաղաքում հնագետները հայտնաբերել են հին ընտանեկան դամբարան, որը թաքնված է հրդեհից այրված շենքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Live Science-ին։

Ներսում փորձագետները հայտնաբերել են տարբեր տարիքի 30 մումիա, այդ թվում՝ արթրիտով հիվանդ մի քանի տարեցների, ինչպես նաեւ երեխաների եւ նորածնի։

Թեեւ հետազոտողները դեռ չեն թվագրել գերեզմանը՝ նրանք կասկածում են, որ մի ընտանիք դարեր շարունակ թաղել է իր մահացած անդամներին:

Ըստ Միլանի համալսարանի պրոֆեսոր, եգիպտագետ եւ պեղումների ղեկավար Պատրիսիա Պյաչենտինիի՝ թաղումները, ամենայն հավանականությամբ, կատարվել են Պտղոմեոսյան եւ հռոմեական ժամանակաշրջաններում՝ մ.թ.ա. 1-ին դարից մինչեւ մ.թ. 2-րդ կամ 3-րդ դարեր:

Հայտնաբերված նեկրոպոլիսը հնագետների կողմից հայտնաբերված 300 գերեզմաններից մեկն էր Աղա Խանի դամբարանի տարածքում, որը գտնվում է Նեղոսի երկայնքով փոքրիկ բլրի գագաթին: Եթե այլ դամբարաններ ստորգետնյա են կամ փորված են ժայռոտ բլուրների մեջ, այս մեկը եզակի է նրանով, որ գտնվում է ավելի մեծ վերգետնյա կառույցի ներսում, Ինչի պատճառով այս նեկրոպոլիսը, հավանաբար, օգտագործվում էր զոհաբերությունների համար: 

Հնագետները հավելյալ ապացույցներ են գտել, որ այստեղ ծեսեր են կատարվել։ Ներսում հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ, բույսերի մնացորդներ, մրգեր, ծաղկամանի բեկորներ, վզնոց եւ այլ իրեր։

Պեղումների ղեկավարը նշել է, որ դեռ պետք է վերլուծվեն գտածոները՝ պարզելու դրանց տարիքը եւ այլ մանրամասներ։