Twitter-ը երեքշաբթի հայց է ներկայացրել Գերմանիայում գործող առցանց հաշվետվողականության կանոնի դեմ, որը պահանջում է սոցիալական ցանցերից արագ արգելափակել կամ հեռացնել քրեական բովանդակությունը եւ հաղորդել ոստիկանությանը հատկապես ծանր հանցագործությունների մասին, գրում է Reuters-ը։
Քյոլնի վարչական դատարանում ներկայացված հայցը վիճարկում է ատելության խոսքի դեմ գերմանական ընդլայնված կանոնների դրույթը, որն ըստ Twitter-ի թույլ է տալիս օգտատերերի տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախքան պարզվելը, որ կատարվել է որեւէ հանցագործություն:
Նմանատիպ հայցեր են ամառվա ընթացքում ներկայացրել Facebook-ը եւ Google-ը:
«Մենք մտահոգված ենք, որ օրենքը նախատեսում է քաղաքացիների հիմնարար իրավունքների զգալի խախտում»,- ասել է Twitter-ի ներկայացուցիչը։ «Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ օգտատերերի տվյալները իրավապահ մարմինների հետ ակտիվորեն կիսելու պարտավորությունը ստիպում է մասնավոր ընկերություններին դատախազի դեր ստանձնել՝ օգտատերերի մասին զեկուցելով իրավապահներին՝ նույնիսկ անօրինական վարքագծի բացակայության դեպքում»:
2018 թվականի սկզբին Գերմանիայում ատելության խոսքի դեմ օրենք է ընդունվել, որի համաձայն YouTube, Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը պատասխանատվություն են կրում տոքսիկ բովանդակության վերահսկողության եւ հեռացման համար։
Օրենքը, որը նաեւ սոցիալական ցանցերից պահանջում է կանոնավոր հաշվետվություններ հրապարակել դրա կատարման վերաբերյալ, լայն քննադատության է ենթարկվել որպես անարդյունավետ, եւ խորհրդարանը մայիսին ընդունել է օրենք, որը խստացնում եւ ընդլայնում է դրա կիրառումը:
Նոր կանոնակարգը կոչված է օգնելու Գերմանիայի իրավապահներին՝ ավելի լավ պայքարել աջ ծայրահեղականության եւ համացանցում ատելության խոսքի դեմ:





























