Իտալիայի հարավում հնագետները մարտիկների հնագույն սաղավարտներ եւ ներկված աղյուսե պատի ավերակներ են հայտնաբերել այն վայրում, որտեղ, հնարավոր է, Աթենաս աստվածուհուն նվիրված տաճարի նախորդն է եղել:
Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին ասել է, որ մնացորդները, որոնք պեղվել են Վելիա զբոսաշրջային հայտնի վայրում, հայտնաբերվել են Մեծ Հունաստանի կարեւորագույն քաղաքներից մեկի նախկին ակրոպոլիսի տարածքում:
Մշակույթի նախարարությունը հայտնել է, որ վերջերս ավարտված պեղումների ժամանակ Վելիայում հայտնաբերել են լավ վիճակում գտնվող զույգ սաղավարտներ, շենքի մնացորդներ, ծաղկամաններ, որոնցում հունարեն «սրբազան» բառն է գրված, եւ, հնարավոր է, զենքի մետաղական բեկորներ:
Հանրային թանգարանների տնօրեն Մասիմո Օսաննան ասել է, որ Վելիայում ուսումնասիրված տարածքը, հավանաբար, պարունակում է ընծաների մասունքներ, որոնք հունական առասպելական պատերազմի եւ իմաստության աստվածուհի Աթենասին արվել են մոտակա Տիրենյան ծովում ռազմածովային ճակատամարտից հետո:
6-րդ դարում Կորսիկայի ափերի մոտ Ալալիայի ճակատամարտում հունական ուժերը հաղթել են էտրուսկական ուժերին եւ նրանց կարթագենյան դաշնակիցներին։
Վելիան հայտնի է նրանով, որ հին հունական փիլիսոփայական դպրոցի, այդ թվում՝ փիլիսոփաներ Պարմենիդեսի եւ Զենոնի հայրենիքն է։ Այն Իտալիայի հարավային մասում Մեծ Հունաստանի մի մասն է եղել՝ գաղութացված հունական քաղաք-պետությունների կողմից:
Ֆրանչեսկինին ասել է, որ Վելիայի պեղումների արդյունքներն ընդգծել են հնագիտական հետազոտություններում ներդրումներ կատարելու կարեւորությունը՝ «Միջերկրածովյան պատմության կարեւոր հատվածները» բացահայտելու համար:




























