Իտալիայի ֆինանսական գվարդիայի աշխատակիցները Հռոմի դատախազության հրամանով առգրավել են հասարակական-քաղաքական «5 աստղերի շարժում» կազմակերպության ղեկավար, Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպե Կոնտեի փաստաթղթերը, ինչպես նաեւ մի շարք խոշոր ընկերությունների հետ կապված հաշիվ-ապրանքագրեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Domani-ին։
Ըստ տեղեկությունների՝ գվարդիայի աշխատակիցները փաստաթղթերն առգրավել են Կոնտեի՝ մայրաքաղաքում գտնվող բնակարանում մի քանի շաբաթ առաջ խիստ գաղտնիության պայմաններում։ Իրավապահներին առաջին հերթին հետաքրքրել է 300-400 հազար եվրո ընդհանուր չափով հաշիվ-ապրանքագրերը, որոնք 2012-2013 թվականներին տրվել էին իտալացի հայտնի գործարար Ֆրանչեսկո Բելավիստա Կալտաջիրոնեին պատկանող մի շարք ընկերությունների իրավական խորհրդատվության համար։
Պարբերականն այս կապակցությամբ նշում է, որ ֆինանսական փաստաթղթերը առգրավվել են եւս երեք իրավաբաններից, որոնք նշված ժամանակահատվածում խորհրդատվական ծառայություններ են մատուցել Acqua Marcia խմբի ընկերություններին։ Հռոմի դատախազության նոր հետաքննությունը կապված է փաստաբան Պիերո Ամարայի հայտարարությունների հետ, ով ներգրավված է եղել խարդախության եւ կոռուպցիայի մի շարք աղմկահարույց գործերում եւ ներկայումս պատիժ է կրում բանտում։





























